01/15/2025

Մեծարման արժանի անհատականություն

Մեծարման արժանի անհատականություն

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ


Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու մասին իմացա, երբ արդեն Սյունիքում էի` Քաջարանում: Դա 2014թ. հուլիսն էր:

Շատերն էին հիացմունքով պատմում նրա ստեղծած դպրոցի, մանկավարժական տաղանդի, Սյունյաց աշխարհի եւ հատկապես Կապանի տարածաշրջանի նրա իմացության մասին:

Այդ ժամանակ էլ ցանկություն առաջացավ իմ մեջ՝ անպայման ծանոթանալ նրա հետ: Եվ 2015թ. մարտին այցելեցի Լեռնաձորի դպրոց:

Անմոռանալի տպավորություն ստացա մեր հանդիպումից: Նա ներկայացրեց դպրոցի անցած ուղին, կրթօջախի առջեւ ծառացած խնդիրները, հանրակրթության վերաբերյալ իր մտահոգությունները: Հետագայում առիթ ունեցա ընթերցել նրա հոդվածները:

Ցավոք, Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին անժամանակ հեռացավ կյանքից, եւ մտերմություն, բարեկամություն խոստացող մեր հանդիպումը շարունակություն չունեցավ:

Այնպես որ՝ ինձ ուրախություն պատճառեց արժանավոր այդ անհատականությանը «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար նվիրելու, նրա հիշատակը եւ գրական-ստեղծագործական ժառանգությունն այսկերպ հավերժացնելու նախաձեռնությունը:

Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու առանձնահատուկ կերպարը հիշեցնում է գյուղական դպրոցի կարեւորության մասին, ինչը, անշուշտ, գյուղապահպանության առանցքային բաղադրիչներից է լեռնային մեր երկրամասում:

Ինչ վերաբերում է նրա հայրենագիտական հոդվածներին, ուսումնասիրություններին, առաջադրած վարկածներին, ապա կարելի է վստահորեն ասել՝ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին կարողացել է Կապանի տարածաշրջանի վերաբերյալ ստեղծել հանրագիտարանային նշանակության նյութերի մի ամբողջություն, որը սկզբնաղբյուրի դեր է կատարելու նաեւ գալիք սերունդների համար:

Հարգանք եւ խոնարհում նրա վառ հիշատակին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: