01/12/2025

Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկություններում ոչ սովորական ժամանակներ են

Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկություններում ոչ սովորական ժամանակներ են

Հանրապետության առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունների մասին պաշտոնական տեղեկագիրը՝ եռամսյակը մեկ անգամ հրապարակվող, մեծ հետաքրքրության է սովորաբար արժանանում Սյունիքում: Եվ դա այն պատճառով, որ դրանում ավանդաբար արտացոլվում է մարզի երեք հանքարդյունաբերական ընկերության վիճակը: Իսկ լեռնահանքային արդյունաբերությունը մարզի տնտեսության մեջ ներկայումս զբաղեցնում է 66,4 տոկոս, մարզի արդյունաբերության մեջ՝ 81,9 տոկոս:

2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ զիջելով տարիներ շարունակ զբաղեցրած 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերը: Ինը ամսում այդ ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 5,2 մլրդ դրամ, որը գրեթե հինգ անգամ պակաս է 2013-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից (26, 3 մլրդ դրամ), մոտ 3,5 անգամ ցածր՝ 2015-ի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Կապանի լեռնահարստացման կոմբինատն ընթացիկ տարվա ինը ամսում պետական բյուջե է վճարել մոտ 1,8 մլրդ դրամ (հարկերի ընդհանուր գումարը): Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 2,3 մլրդ դրամ էր, 2014-ին՝ 4,1 մլրդ:

«Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը 2016թ. ինը ամսում պետական բյուջե է վճարել 1,1 մլրդ դրամ (հարկերի ընդհանուր գումարը): Այդ թիվը զիջում է նախորդ տարիների համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներին. 2015-ին՝ 2,2 մլրդ դրամ, 2014-ին՝ 2,3 մլրդ, 2013-ին՝ 2,5 մլրդ:

Իհարկե, լեռնահանքային արդյունաբերության վիճակի մասին կարելի է պատկերացում կազմել այլ ցուցանիշներով եւս, բայց բավարարվենք վերոնշյալ տեղեկություններով:

Նման հետընթացի գլխավոր պատճառը, անշուշտ, գունավոր մետաղների միջազգային շուկայում գների աննախադեպ անկումն է: Դրության մասին շատ թե քիչ պատկերացում կազմելու համար ասենք, որ մեկ տ մոլիբդենի գինը 2012 թվականի մոտ 33 հազարից հասել է 15250 դոլարի (2016թ. նոյեմբերի 17-ի դրությամբ): Որոշ կայունացում էր նկատվել 2014-ին, բայց կրկին՝ հետընթաց:

Մեկ տոննա պղնձի գինը ս.թ. նոյեմբերի 17-ի դրությամբ 5459 դոլար էր, այս տարեսկզբին՝ 4468 դոլար: Մինչդեռ 2012 թվականին մեկ տոննա պղինձն արժեր 8296 դոլար: Վերջին ամսում նկատվում է պղնձի գնի դանդաղ աճ:

Մեզանում արձանագրված հետընթացը, անտարակույս, նաեւ սուբեկտիվ պատճառներ ունի, բայց դրանք այս դեպքում երկրորդական նշանակություն ունեն, եւ նպատակահարմար չենք գտնում դրանց շուրջ հիմա քննարկում ծավալել:

Մարզի հանքարդյունաբերական երեք խոշոր ձեռնարկությունում առկա աշխատատեղերի պահպանումը եւ սոցիալական առաջնահերթ ծրագրերի կատարումը, կարծում ենք, իրավիճակից բխող առաջնահերթ խնդիրն է ներկա փուլում:

Իսկ թե ինչ զարգացումներ կարձանագրվեն մետաղների լոնդոնյան բորսայում՝ դժվար է գուշակել: Մի բան կարելի է ստույգ ասել՝ մետաղների շուկայում տիրող ոչ բարենպաստ վիճակը համաշխարհային տնտեսությանը պատած ընդհանուր ճգնաժամի դրսեւորումներից է: Եվ համաշխարհային տնտեսության զարգացման միտումներից կախված կլինեն մետաղների բորսայում ամեն օր արձանագրվող ցուցանիշները: Տեսնենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: