01/15/2025

Ծանոթացան լրատվության հիմունքներին

Ծանոթացան լրատվության հիմունքներին

««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորած ծրագիրը «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» խորագիրն էր կրում, որին մասնակցել են 15-ական երիտասարդներ Կապանից (««Ծիածան» ԱԿԿ» հասարակական կազմակերպություն), Քաջարանից (N1 հիմնական դպրոց), Մեղրուց («Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպություն):

Չորսամսյա դասընթացներին եւ գործնական աշխատանքներին զուգընթաց ծրագրի մասնակիցները պատրաստել են տեսանյութեր՝ օդի աղտոտվածությանը, աղբահանությանը, բնապահպանությանը, ազատ ժամանցը կազմակերպելուն եւ այլ օրախնդիր հարցերին առնչվող: Տեսանյութերի պատրաստմանը եւ թողարկմանը նրանք հաղորդակից եղան «Սոսի» հեռոստատեսությունում: Երիտասարդների պատրաստած որոշ տեսանյութեր այնուհետեւ հեռարձակվեցին հեռուստատեսության «Լուրեր» լրատվականի ընթացքում: Ծրագրի շրջանակում երիտասարդներն այցելեցին Երեւան, հանդիպումներ եղան մայրաքաղաքային տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում:

Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ Կապանի N2 ավագ դպրոցի դահլիճում, որտեղ Կապանի, Մեղրու եւ Քաջարանի թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով, նաեւ ներկայացրին ծրագրի շրջանակում իրենց կատարածը: Ոմանք էլ, ինչպես նշեցին իրենց ելույթում, կողմնորոշվեցին մասնագիտության ընտրության խնդրում: «Որոշ դժվարությունների հանդիպեցինք, քանզի Կապանի շրջանակից դուրս եկանք՝ ծրագրի մեջ ընդգրկելով նաեւ Քաջարանի եւ Մեղրու դպրոցականներին, բայց, երբ ամեն ինչ հետեւում է, համոզված եմ՝ ճիշտ ճանապարհ ընտրեցինք», - միջոցառման ավարտին ասաց ««Ծիածան» ԱԿԿ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, ով ծրագրին աջակցած գործընկեր կազմակերպություններին եւ մասնակից երիտասարդներին հանձնեց հավաստագրեր եւ շնորհակալագրեր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: