01/12/2025

Նշվեց հաշմանդամության միջազգային օրը

Նշվեց հաշմանդամության միջազգային օրը

Դեկտեմբերի 6-ին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում տեղի ունեցավ հաշմանդամների միջազգային օրվան (նշվում է դեկտեմբերի 3-ին) նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Ողջերթի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը՝ նշելով, որ կրթահամալիրում սովորում է 101 սան, որոնցից յուրաքանչյուրի կրթությունն ու դաստիարակությունը իրականացվում են անհատական ուսուցման պլանով: Դրանք կազմվում են երեխաների կարիքներին համապատասխան, սովորողների մի մասն ընդգրկված է հատուկ արհեստագործական հոսքում, որտեղ յուրացնում են կարպետագործի եւ խոհարարի օգնականի մասնագիտություններ:

Չնայած օրը տոնական էր, բայց նկատի ունենալով, որ ցերեկույթին մասնակցում են մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարները՝ տնօրենն իր խոսքում ներկայացրեց կրթահամալիրի առջեւ ծառացած հիմնախնդիրներից երկուսը: Կրթահամալիրում բնակվում է երկկողմանի ծնողազուրկ տասը շրջանավարտ, որոնց հետագա բնակվելու վայրը եւ զբաղմունքն անորոշ են: Նրանց ճակատագրի հստակեցումը հրատապ անհրաժեշտություն է: Այս ուստարվանից հետո կունենան նման կարգավիճակով եւս ութ շրջանավարտ: Սովորողների մեծամասնությունն ունի հենաշարժական համակարգի զարգացմանն առնչվող խնդիրներ, սակայն կրթահամալիրը չունի նրանց կարիքներին հարմարեցված մարզադահլիճ, որը կծառայեր վերականգնողական թերապիայի արդյունավետ իրականացմանը:

- Մեր երեխաները հասարակության լիիրավ անդամներ են, եւ նրանցից յուրաքանչյուրն ասելիք ու անելիք ունի մեր երկրում, որին սպասում ենք, - այսպիսի լավատեսական շեշտադրումով ավարտեց խոսքը տնօրենը:

Կրթահամալիրի սաները հանդես եկան «Մենք արեւ ենք միասին» համադրույթով, ներկայացրին փոքրիկ բեմադրություններ, ցուցադրեցին իրենց հմտությունները եւ կարողությունները: Ցերեկույթի ավարտին Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը երախտագիտություն հայտնեց կրթօջախի մանկավարժներին եւ սաներին՝ բովանդակալից միջոցառում նախապատրաստելու եւ անցկացնելու համար: Իսկ ամենավերջում կրթօջախի սաներին հանձնվեցին նվերներ:

Միջոցառումից հետո համայնքի եւ մարզի ղեկավարները եղան մարզադահլիճում, ծանոթացան կրթահամալիրի այլ պայմաններին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: