01/16/2025

Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»

Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ արտգործնախարարը ուշադրություն հրավիրեց հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների վրա` նշելով, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները, ինչպես նաեւ այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ», - նշել է Լավրովը:

Նա խիստ ահազանգող է համարել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաեւ 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք, նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը եւ դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաեւ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը աբստրակտ չէ եւ «բացառապես Ադրբեջանի ներքին գործ չէ»:

2017-01-17
1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: