01/16/2025

Հանրային քննարկում Մեղրիում

Հանրային քննարկում Մեղրիում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում սույն թվականի փետրվարի 1-ին գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղի շենքում  տեղի ունեցան հանրային քննարկումներ:

Քննարկումն իրականացրին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը (փորձագետ՝ Կարինե Մովսիսյան) եւ Մեղրի համայնքը (համայնքի ղեկավար՝ Մխիթար Զաքարյան):  «Լիճքվազ» ՓԲԸ-ն ներկայացնում էին ընկերության հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանը:

Ներկա էր նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը:

Հանրային քննարկմանը մասնակցում էին  «Civil voice»  եւ «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Մեղրի համայնքի Լեհվազ, Վարդանիձոր եւ Մեղրի բնակավայրերի քաղաքացիներ:

Հանրային  լսումն իր ողջույնի խոսքով բացեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Այնուհետեւ հանքավայրի շահագործման  ծրագրի  պատասխանատուները ներկայացրին նախատեսվող աշխատանքների ծավալը, շրջակա միջավայրի վրա ունեցող ազդեցությունը, ինչպես նաեւ իրականացվելիք սոցիալական քաղաքականության ուղղությունները:

Քննարկումն անցավ շահագրգիռ, ակտիվ մթնոլորտում: Նկատելի էր, որ հետաքրքրությունը քննարկվող թեմայի վերաբերյալ բավականին մեծ է: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնք վերաբերում էին բնապահպանական եւ սոցիալական ոլորտներին:

Հիշեցնենք, որ  վերջերս «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող «Լիճքվազ» ՓԲ ընկերության եւ Մեղրի համայնքի միջեւ կնքվեց սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի  շրջանակներում  2017-2018թթ. ընթացքում Մեղրի համայնքում կներդրվի  37 մլն ՀՀ դրամ: Այդ միջոցներով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում կկառուցվի մանկապարտեզ: Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: