01/18/2025

Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցները՝ նոր տնօրենի մասին

Լեւոն Հարությունյան, Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, մաշկավեներաբան

Գորիսի  բժշկական կենտրոնում տարիների ընթացքում ձեւավորվել են լավագույն ավանդույթներ, որոնց պահպանմանն են միտված եղել բոլոր ղեկավարների քայլերը, ծրագրերը: Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Գագիկ Թունյանը համարյա ինը տարի աշխատել է մեր կենտրոնում եւ քաղաքում լավագույն վիրաբույժի համբավ ունի: Ողջունում ենք որպես վիրաբույժի նրա վերադարձը մեր կենտրոն եւ ասում՝ բարի գալուստ արդեն որպես տնօրեն: Համոզված եմ` նա կկարողանա համատեղել վարչական աշխատանքը բուժական գործի  հետ եւ  ավելի կկատարելագործի հիվանդանոցի վիրահատական գործունեությունը: Հուսով եմ` նրա աշխատանքի շնորհիվ Գորիսի բժշկական կենտրոնն ավելի շատ հաջողություններ կգրանցի եւ էլ ավելի որակյալ բուժսպասարկում կիրականացնի, ինչը բխում է նախեւառաջ ազգաբնակչության շահերից:

Շողիկ Թունյան, թերապեւտիկ բաժանմունքի վարիչ

Գագիկ Թունյանին` որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, աշխատակազմին ներկայացնելն անցավ ջերմ մթնոլորտում: Նա այս հիվանդանոցի նախկին կադրերից է, որպես մարդ եւ բժիշկ ունի լավագույն հատկանիշներ, եւ կարծում եմ` այս փոփոխությունն էլ ավելի կզարգացնի մեր ավանդույթները եւ կվերականգնի հիվանդների հավատն առ բժիշկ: Գորիսի բժշկական կենտրոնը` որպես շրջանային հիվանդանոց, կշարունակի բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերել գորիսեցիներին եւ, ինչու չէ, նաեւ մարզի բնակչությանը:     

Եկատերինա Հայրապետյան, բժիշկ-լաբորանտ

Գագիկ Թունյանին ճանաչում եմ մեր կենտրոնում աշխատելու տարիներից: Նա առաջին հերթին հայտնի է որպես հմուտ վիրաբույժ, ով իր մասնագիտական հմտությունները ծառայեցրել է տեղի բնակչության որակյալ բուժսպասարկումն ապահովելու համար: Չեմ ուզում ժամանակից շուտ փորձել գնահատական տալ նրա նշանակմանը, քանի որ մի բան է լավ վիրաբույժ լինելը, մեկ այլ բան` ադմինիստրատիվ աշխատանք իրականացնելը: Բայց համոզված եմ` նրա գիտելիքները, կարողությունները բավարար են հիվանդանոցում կուտակված շատ խնդիրների լուծման, բացթողումների լրացման համար: Իհարկե, ես չէ, որ պետք է խոսեմ կենտրոնի խնդիրներից, բայց ակնկալում եմ դրանց լուծումը տեսնել, ինչի համար Գագիկ Թունյանը պոտենցիալ եւ հնարավորություն ունի:    

Ռայա Մեժլումյան, թերապեւտ, բժիշկ-լաբորանտ

Դեռեւս տարիներ առաջ եմ հնարավորություն ունեցել մեծ տպավորություն ստանալ Գագիկ Թունյան բժշկի աշխատանքից, քանի որ համագործակցելու բազում առիթներ ենք ունեցել: Գրագետ, բանիմաց ու կազմակերպված բժիշկ է, եւ ուրախ եմ, որ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մեր հող ու ջրում ծնված, նախկինում մեր կոլեկտիվում աշխատած անձնավորությունը: Վստահ եմ` որպես տնօրեն նա նույնպես կկարողանա արդարացնել բոլորիս սպասելիքները, քանի որ իր աշխատանքում հետեւողական է, սիրում է համագործակցել, աջակցել, յուրաքանչյուր վրիպում շտկել, ուղղություն ցույց տալ: Այնպես որ՝ մեծ ոգեւորությամբ ենք ընդունել նրան եւ, հուսով ենք, մեր սպասելիքները կարդարանան, շատ հարցերի դրական լուծում կտրվի:  

Սուսաննա Մինասյան, ավագ բուժքույր

Շատ ուրախ ենք եւ գոհ, որ Գագիկ Թունյանն է ստանձնել կենտրոնի ղեկավարի պաշտոնը, քանի որ նրա հետ աշխատելու փորձ ունենք, եւ պետք է նշեմ, որ նրա հետ համագործակցությունը հաջողվել է: Թերեւս նրա մարդկային լավագույն հատկանիշներով օժտված լինելու հանգամանքով էին պայմանավորված պաշտոնական ընդունելության ժամանակ կոլեկտիվի ոգեւորությունը, հոտնկայս ծափահարությունները: Ինչպես յուրաքանչյուր հիվանդանոցում, այստեղ նույնպես առաջանում են խնդիրներ, որոնց նա կկարողանա համապատասխան լուծում տալ: Հանուն արդարության պետք է նշեմ, որ քսան տարուց ավելի է` ավագ բուժքույր եմ եւ ոչ մի ղեկավարի գործունեությունից դժգոհ չեմ եղել: Համոզված եմ` Գագիկ Թունյանը պատնեշի նման կկանգնի կոլեկտիվի թիկունքին:  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: