01/12/2025

Անդրեյ Սինյակովը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն

Անդրեյ Սինյակովը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն

2017թ. փետրվարի 3-ից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը կգլխավորի տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրեյ Անատոլեւիչ Սինյակովը:

Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Սախայի (Յակուտիայի) Հանրապետության Ներյունգրի քաղաքում: Մասնագիտությամբ լեռնային ճարտարագետ է: 1995-2000թթ. սովորել եւ ավարտել է Յակուտիայի պետական համալսարանի Ներյունգրիի մասնաճյուղը: Նույն համալսարանում այնուհետեւ (2003-2007թթ.) ստացել է ինֆորմատիկ-տնտեսագետի մասնագիտություն:

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Յակուտուգոլ» արտադրական միավորման «Ներյունգրիսկի» կտրվածքում՝ էքսկավատորավարի օգնական (2000-2001թթ.), իսկ 2001-2006թթ. զբաղեցրել է նույն մասնաճյուղի լեռնային աշխատանքների գծով առաջատար ճարտարագետի պաշտոնը, դարձել հարավյակուտական տարածաշրջանի մրցույթի դափնեկիր՝ 2005թ. «Տարվա լավագույն գիտական նախագիծ» անվանակարգում:

2007-2010թթ. գլխավորել է «Յակուտուգոլ» ԲԲ ընկերության տեխնիկական քաղաքականության ծառայությունը: Այնուհետեւ՝ 2010-2011 թվականներին, նույն ընկերության տեխնիկական տնօրենի տեղակալն էր, ապա՝ լեռնային աշխատանքների հեռանկարային զարգացման, տեխնոլոգիական եւ պլանավորման վարչության պետը: 2011-2014թթ. արդեն գլխավոր ճարտարագետի տեղակալն էր եւ տեխնիկական վարչության պետը, որից հետո նշանակվել է «Տեխստրոյկոնտրակտ» ընկերության տնօրեն: 2014 թվականից մինչ նոր նշանակումն Անդրեյ Սինյակովը Սախայի Հանրապետության (Յակուտիայի) արդյունաբերության եւ երկրաբանության նախարարի տեղակալն էր: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո՝ 2000 թվականից, արտադրական գործունեությունը համատեղել է գիտական եւ դասախոսական գործունեության հետ: 2004-ից մինչեւ 2014 թվականը «Լեռնային գործ» ամբիոնի վարիչն էր:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

«Սյունյաց երկիր»-ը շնորհավորում է Անդրեյ Սինյակովին՝ նշանակման կապակցությամբ, մաղթում հաջողություններ Սյունիքի մարզի եւ հատկապես Մեղրու տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող ձեռնարկության ղեկավարման գործում:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: