01/19/2025

Ռիմա Վոլոդյայի Հայրապետյան (հիշատակի խոսք)

Կարճատեւ հիվանդությունից հետո կյանքի 65-րդ տարում իր մահկանացուն կնքեց երկարամյա ու սիրված մանկավարժ Ռիմա Վոլոդյայի Հայրապետյանը:

Ծնվել է 1952թ. Կապան քաղաքում:

Դուստրն էր հայտնի ռենտգենոլոգ (հետագայում` նաեւ սրտագրող) եւ սանէպիդկայանի բուժքույր Վոլոդյա ու Սիրան Հայրապետյանների:

Հաճախել եւ ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

Սերն ի մանկավարժություն ի սկզբանե էր:

1974թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը եւ անդամագրվել Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին: Շուրջ 45 տարի մաթեմատիկա է դասավանդել: Տնօրենի տեղակալ է աշխատել Կապանի թիվ 2 ավագ դպրոցում (3 տարի), տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում (2 տարի): Համատեղությամբ աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում (5 տարի):

Նվիրյալ ուսուցչուհին մաթեմատիկայի փայլուն մասնագետ էր, անշփոթելի դասղեկ:

Համեստ, ազնիվ ու պարկեշտ ուսուցչուհին իր սաներին սովորեցնում էր ստեղծագործաբար մոտենալ մաթեմատիկային: Միջառարկայական կապերի ջատագով էր` մրցույթների ու ցերեկույթների հիանալի կազմակերպիչ:

Գործընկերներն ու աշակերտները հիշում են Պարույր Սեւակին, Համո Սահյանին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, շրջանավարտների երեկոներին նվիրված անմոռաց միջոցառումները, մաթեմատիկայի հայտնի ուսուցիչ Կամո Առուստամյանին նվիրված հուշ երեկոն:

Թղթակցել ու բազում հոդվածներ է տպագրել «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրում, մշակել եւ պաշարների շտեմարանում տեղադրել` էլեկտրոնային դասեր:

Հեղինակել է «7 թեստ» մաթեմատիկական ժողովածուն:

Առաջիններից մեկն էր, որ արժանացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի:

Մանկավարժական մաքրամաքուր գործունեության գնահատականը բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերն են, Ակ. Բակունց հուշամեդալը:

Հրաշալի կին էր, տնային տնտեսուհի, մայր եւ տատիկ: Զավակներից ավագը` Բենիկը, բացառիկ ընդունակությունների տեր անձնավորություն էր, ինը տարում ոսկե մեդալով ավարտել էր միջնակարգը եւ կարմիր դիպլոմով` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: 21 տարեկանից դասախոսում էր պոլիտեխնիկում:

Թեկնածուական թեզ էր պատրաստել… սակայն չհասցրեց:

Հանգավ 23-ը չթամամած:

Հասմիկը նույնպես կարմիր դիպլոմով է ավարտել հիշյալ համալսարանը, Արմենը` Երեւանի գյուղատնտեսական ակադեմիան: Ամուսինը` Կապանի թիվ N 9 ավագ դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանն է:

Պատվարժա՛ն Ռիմա Հայրապետյան, քեզ հիշելու ենք օրհնությամբ` մեր հոգում զգալով քո ֆիզիկական բացակայության ցավն ու մորմոքը:

Վստահ ենք` մոռացության վտանգը երբեք չի սպառնալու քեզ, զի երկրային կյանքդ լուսավոր էր ու պայծառ:

Թող լույս իջնի գերեզմանիդ:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: