12/08/2025

Մեր երկրի պայծառ ապագան տեսնում եմ իմ ժողովրդի համընդհանուր բարեկեցության մեջ (Խոսք ընտրողին)

Մեր երկրի պայծառ ապագան տեսնում եմ իմ ժողովրդի համընդհանուր բարեկեցության մեջ (Խոսք ընտրողին)

Սիրելի հայրենակիցներ

Ձեզանից շատերին հավանաբար հետաքրքրում է այն հարցը, թե ինչու եմ առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու: Ես դա չեմ արել իմ եւ ընտանիքիս բիզնեսն ապահովագրելու համար, ոչ էլ նյութական նոր եկամուտներ ակնկալելու կամ էլ անձնական այլ ամբիցիաների համար: Ես մեր երկրի քաղաքացին եմ եւ, բնականաբար, տեսնում եմ այն փոփոխությունները, որ Հայաստանն ապրել է անկախացումից ի վեր:

Աշխարհի ցանկացած անկյունում մեր հայրենակիցները կարողանում են, ինչպես ժողովուրդն է ասում, գլուխ բարձրացնել, ստեղծել, արարել… Օտար միջավայրում, անծանոթ՝ լեզվին ու սովորույթներին, կարողանում են ինտեգրվել ու ապրել բարեկեցիկ կյանքով, իսկ իրենց հայրենիքում, իրենց հողի վրա՝ ոչ: Այո, ամեն տեղ ստեղծում ենք, բայց դա արվում է օտար երկրում եւ ի վերջո՝ օտարի համար: Վիրավորական է…

Որոշ ժամանակ առաջ մեր երկրի հարգարժան վարչապետն իր ելույթներից մեկում ակնարկեց, թե տարածաշրջանում եւ աշխարհում ինչ դիրք ու դերակատարում ունի ընդամենը հիսուն-վաթսուն տարվա պատմություն ունեցող, մեր երկրից էլ փոքր Իսրայել պետությունը: Հայտնի փաստ է, որ երբ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դիմել են այդ երկրի նախագահին՝ օգնելու լուծել հայկական հարցը, նա շատ հակիրճ պատասխան է տվել՝ հարստացեք եւ ինքներդ կլուծեք ձեր հարցը: Հասկանալի է, նա նկատի ուներ Իսրայելի փորձը: Նման օրինակներ էլի կան՝ զորօրինակ Սինգապուրը եւ այլն: Ինչո՞վ ենք մենք պակաս նրանցից: Շատերի նման ես էլ մեր երկրի պայծառ ապագան տեսնում եմ իմ ժողովրդի համընդանուր բարեկեցության բարձրացման մեջ: Բայց, ինչպես մեր նախագահն է երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված յոթ խորհուրդներում ասում, պետք է հեռու մնալ ցնցումներից, «կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չեք հասնի»: Իմ պապ Սամվելի գերդաստանն անցել է այդ ճանապարհը: Պետք է հարստանա ամբողջ երկիրը: Իսկ դա հնարավոր է միայն նպատակասլաց ու հետեւողական աշխատանքով, որի օգնությամբ կլուծվի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, ասել է թե՝ հայ մարդը, իմ հասակակիցները, մեզանից հետո եկողները կդադարեն բախտ փնտրել օտար ափերում:

Մենք նավթ ու գազ չունենք, երկրում քիչ են նաեւ բնական այլ հանածոները: Սրա համար պետք չէ մեղքն Աստծո վրա բարդել: Ես հավատով մարդ եմ եւ համոզված եմ, որ Աստված ամենատես է, տեսնում է ամեն ինչ ու դրա հետ մեկտեղ նաեւ արդարամիտ է: Մեզ հեշտ ապրելու, արագ հարստանալու բնական ռեսուրսներ քիչ է  տվել, բայց դրա փոխարեն տվել է անսահման աշխատասիրություն, կամք՝ ցանկացած դժվարին պայմաններից դուրս գալու ունակություն, անսահմանության ձգտող անալիտիկ (վերլուծական) մտածելու ունակություն, որով հպարտանում ենք բոլորս: Մարդն է մեր հիմնական կապիտալը, հարկ է, որ արդյունավետ օգտագործենք այն:

Անկախացումից հետո մեր երկրում ձեւավորված նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն եմ: Մեր սերունդն ասպարեզ է գալիս նոր մտածելակերպով՝ ազատ՝ մեր տարածաշրջանում տարիներ ի վեր արմատացած անվստահության եւ բացասական այլ նախապաշարումներից: Հին կտակարանում կարդացել եմ, որ մարդը ստրուկ է դառնում, երբ մտածում է ստրուկի նման: «Ինչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում: Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի լինի»: Սրանք իմ խոսքերը չեն: Այսպես է խորհուրդ տալիս մեր երկրի նախագահը:

Ես ձեզ հուսախաբ չեմ անի…

ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
ԱԺ պատգամավորի թեկնածու
Հայաստանի հանրապետական կուսակցությունից

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: