01/12/2025

Գորիս քաղաքի ընտրամարաթոնում բացարձակ առաջատարն Առուշ Առուշանյանն էր

Գորիս քաղաքի ընտրամարաթոնում բացարձակ առաջատարն Առուշ Առուշանյանն էր

Գորիս քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 23333 քաղաքացուց ապրիլի 2-ի քվեարկությանը մասնակցեց 14780 հոգի (63.34 տոկոս):

Գորիսեցի ընտրողն այդ օրն անվերապահորեն վստահեց իր 25-ամյա զավակին՝ ՀՀԿ-ի առաջադրած պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին. քվեարկողներից 3496-ը (23.7 տոկոս) քվեն տվեց հենց նրան:

Առուշ Առուշանյանի հաղթանակը միգուցե եւ այսչափ ուշագրավ չլիներ, եթե դրան նախորդած չլինեին տեղական բնույթի ինչ-որ արտառոցություններ: Մոտ քսանհինգ տարի տեղական հայրենասիրություն քարոզած անձինք փորձեցին այս անգամ էլ (անհասկանալի ինչ-որ պատճառաբանություններով) հակադրվել իրենց իսկ հռչակած, իրենց իսկ սնած այդ գաղափարախոսությանը, ինչն էլ արժանացավ մերժումի:

Գորիս քաղաքում, ըստ քվեների քանակի, երկրորդ տեղը զբաղեցրեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Սլավիկ Ամիրյանը (1383 ձայն կամ 9.4 տոկոս), ով մեծ վաստակ ունի Գորիսի առողջապահության բնագավառում, ինչը չէին մոռացել նրա համաքաղաքացիները:

Երրորդ հորիզոնականում արդեն Աշոտ Արսենյանն էր՝ 1216 քվե կամ քվեարկությանը մասնակցածների 8.22 տոկոսը: Միգուցե եւ Աշոտ Արսենյանի գորիսյան մրցապայքարն ավելի արդյունավետ լիներ, եթե թեկնածուն բարեհաճեր գոնե մեկ անգամ այցելել Գորիս, քանզի Գորիսը որքան էլ լռող, համբերող ու հանդուրժող է, բայց եւ արժանապատվության զգացում ունի մի քիչ՝ դեռեւս արթուն:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը՝ 776 քվե կամ քվեարկությանը մասնակցածների 5.3 տոկոսը:

Առաջատարների առաջին հնգյակը եզրափակեց Վահե Հակոբյանը՝ 702 ձայն կամ քվեարկության մասնակիցների 4.74 տոկոսը: Սյունիքի գործող մարզպետը, անտարակույս, առավել բարձր արդյունք կունենար Գորիս քաղաքում, եթե նրա տեղական շտաբի որոշ գործիչներ իբրեւ գործելակերպ չընդունեին իրենց իսկ պաշտելի մեթոդը՝ բանսարկությունը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: