01/16/2025

ՀՀԿ վարկանիշը Կապանում՝ ըստ վերջին տարիների ընտրությունների արդյունքների

ՀՀԿ վարկանիշը Կապանում՝ ըստ վերջին տարիների ընտրությունների արդյունքների

2017թ. ապրիլի 2-ին Կապան քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 30790 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեց, ինչպես ասվել է, 19507 հոգի (63.35 տոկոս):

Մասնակիցներից 7839-ը կամ 40.2 տոկոսը քվեարկեց հօգուտ ՀՀԿ-ի:

Առայժմ արձանագրություններում չի երեւում այն ընտրողների քանակը, ովքեր քվեարկել են հօգուտ ՀՀԿ-ի՝ ձայն չտալով որեւէ ռեյտինգայինի:

Եվ, այդուհանդերձ, ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքերը Կապան մարզկենտրոնում. դա, ի դեպ, մարզկենտրոնում հետընտրական օրերին ամենաքննարկվող հարցերից է:

Հարցի հանդեպ մեր վերաբերմունքն արտահայտելու այլ եղանակ չգտնելով՝ նպատակահարմար գտանք մի քանի համեմատություն անել՝ եզրակացությունը թողնելով ընթերցողին:

Համեմատություն 1

2007թ. ԱԺ ընտրություններում (համամասնական ընտրակարգ) Կապան քաղաքը ՀՀԿ-ին տվեց 8143 քվե՝ քվեարկությանը մասնակցած 19366 ընտրողից (անվավեր քվեաթերթիկները հանած), որը կազմում է մասնակիցների 42.04 տոկոսը:

2012թ. ԱԺ ընտրություններում (համամասնական ընտրակարգ) Կապան քաղաքը ՀՀԿ-ին տվեց 8680 քվե՝ քվեարկությանը մասնակցած 20421 հոգուց (անվավեր քվեաթերթիկները հանած), որը կազմում է մասնակիցների 42.5 տոկոսը:

Համեմատություն 2

2007թ. ԱԺ ընտրություններում (մեծամասնական ընտրակարգ) ՀՀԿ թեկնածու Վահե Մաքսիմի Հակոբյանը Կապան քաղաքում ստացավ 14869 ձայն:

2012թ. ԱԺ ընտրություններում (մեծամասնական ընտրակարգ) պատգամավորի նույն թեկնածուն Կապան քաղաքում ստացավ 11299 ձայն՝ քվեարկությանը մասնակցած 19943 ընտրողից: Ասել է թե՝ Կապան քաղաքի ընտրողների 56.6 տոկոսը գնաց ՀՀԿ թեկնածուի հետեւից:

Համեմատություն 3

ՀՀԿ-ի կողմից Կապան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Աշոտ Հայրապետյանը 2016թ. հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ստացավ կապանցի ընտրողների 48.29 տոկոսի քվեն (8702 ձայն 18022 մասնակցից):

ՀՀԿ թեկնածու նույն Աշոտ Հայրապետյանը 2012թ. սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում ստացել էր 10261 քվե՝ քվեարկությանը մասնակցած 17365 հոգուց, որը կազմում է մասնակիցների 59.1 տոկոսը:

Իսկ եզրակացությունը, ինչպես խոստացանք, թողնում ենք ընթերցողին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: