01/16/2025

Այլեւս մեզ հետ չէ Սաֆար Եղիազարյանը

Այլեւս մեզ հետ չէ Սաֆար Եղիազարյանը

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր թերթի բարեկամ, հին օրերի հանգույն բնորոշմամբ՝ թերթի արտահաստիքային թղթակից Սաֆար Եղիազարյանը, մի անձնավորություն, որին հատուկ էին շիտակությունը, անմիջականությունը, մարդամոտությունը:

Սաֆար Անտոնի Եղիազարյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 17-ին, Ղափանի շրջանի Զեյվա (այժմ՝ Դավիթբեկ) գյուղում: Յոթնամյակն ավարտելուց հետո սովորել եւ ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, որից հետո անցել զինվորական պարտադիր ծառայության: Զորացրվելուց հետո աշխատել է ակումբի վարիչ, այնուհետեւ 1959-ից մինչեւ 2005-ը քիմիա-կենսաբանություն է դասավանդել գյուղի կրթօջախում, աշխատանքին զուգընթաց ավարտելով Երեւանի գյուղատնտեսական եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտները:

Թաքուն մի նպատակ ուներ, շարունակել ուսումը, սովորել ասպիրանտուրայում, բայց… Սաֆար Եղիազարյանը, կայուն գիտելիքներ ավանդելով իր սաներին, նրանց մեջ սերմանում էր նաեւ ճշմարիտ ապրելու արվեստի հունդերը: Ուշագրավ էր, որ առօրյա կյանքում ոչ մի խոտելի երեւույթ չէր վրիպում նրա աչքից, քիչ չեն եղել դեպքերը, երբ թղթին է հանձնել իր մտահոգությունը եւ ներկայացրել մարզային թերթի խմբագրությանը: Իր թղթակցություններով փորձում էր հայրենի գյուղի պատմությունը, մարդկանց ու կենցաղը նկարագրել, ներկայացնել ժամանակակից սերնդին: Չափազանց ուշադիր էր շրջապատի հանդեպ, ջանում էր ինչ-որ կերպ օգտակար լինել կողքինին, դատապարտում էր ստախոսին, կեղծավորին, զազրախոսին: Գյուղի կրթօջախի տնօրեն Բայանդուր Պողոսյանը նրան անվանել էր գերազնիվ մարդ:

Կրթել ու դաստիարակել է չորս զավակ, ովքեր հարգանք են վայելում շրջապատում:

Սաֆար Եղիազարյանն իր խոսք ու գործով միշտ կմնա ապրողների հիշողության մեջ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: