01/16/2025

Նահատակ զինվորները «վերակենդանացել» էին պահապան հրեշտակների աղոթքներով

Նահատակ զինվորները «վերակենդանացել» էին պահապան հրեշտակների աղոթքներով

Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Պատերազմ, որ տարբերվեց ազգամիջյան նախորդ պատերազմներից նրանով, որ առաջնագծում հերոսական պայքարի ելան մեր երիտասարդ զինվորները: Մահ ու կենաց կռիվ մղեցին, աննկարագրելի հերոսություններով հետ շպրտեցին թշնամուն: 100-ից ավելի հերոս տղաներ մահացան` ցուցաբերելով անձնազոհության, հայրենասիրության վառ օրինակ: Մահացան հերոսացած, միշտ կենդանի մեր հիշողություններում` մեզ հետ: Անմահության խորհրդի մտահղացմամբ էր պայմանավորված սգո տարելիցին նվիրված Յու. Բախշյանի անվան հիմնական դպրոցի 7«բ» դասարանցիների հուզիչ միջոցառումը: Կորուստ, ափսոսանք, հպարտություն ամփոփող այս զգացողությունները պարուրել են դահլիճը` հերոսների լուսանկարներով, վառվող մոմերով, խորհրդավորությամբ:

Ահա զինվորները, որ «վերակենդանացել են» պահապան հրեշտակների աղոթքներով, իսկ պահապան հրեշտակները նույն դասարանի աղջիկներն էին` ճերմակ շորերով: Զինվորական կյանքից առօրյա պատկերներ էին ստեղծում բեմի վրա, իսկ հերոսացած ու անմահացած տղաների հայացքները կարծես ուղեկցում են նրանց` ավելի ոգեւորում նրանց գործողություններին ու ասելիքներին:

Հայրենասիրությունը հայի արյան մեջ է ամփոփված, որ փոխանցվում է սերնդե-սերունդ:

Նրանք իրենց սրտաբուխ խոսքերով եւ հայրենասիրական երգերով փառաբանեցին հերոսներին, ովքեր իրենց կյանքով առաջնագիծը պահեցին: Հազար փառք հղեցին նրանց ու երդվեցին լինել նրանց պես հայրենասեր ու քաջ: Դահլիճը հուզված էր ու տպավորված:

Տպավորիչ, գեղեցիկ ու հուզիչ այս միջոցառմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել դպրոցի տնօրեն` Կարմեն Կարապետյանը, փոխտնօրեն` Աիդա Անտոնյանը, դասղեկ` Լյուդմիլա Գրիգորյանը, սցենարի հեղինակ, ծնող` Աննա Հարությունյանը եւ կոլեկտիվի մյուս անդամները:

Միջոցառմանը ներկա էին Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ Սուրեն Բաղդասարյանը:

ԹԵՐԵԶԱ ՍԱՀԱԿՅԱՆ
7«բ» դասարանի ծնող

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: