01/19/2025

Վախճանվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանը

Գրականագետ, բանաստեղծ Քաջիկ Արտեմի Միքայելյանը (Դորունց) ծնվել է 1939թ. մարտի 11-ին, Գորիս քաղաքում:

Ավարտել է Գորիսի թիվ 2 միջն դպրոցը (1956թ.), ապա՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Աշխատել է Գորիսի շրջանային «Զանգեզուր» թերթում, Հալիձորի ութամյա դպրոցում՝ տնօրեն, Գորիսի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, Գորիսի քաղխորհրդի «Բանբեր Գորիսի» թերթի խմբագիր:

1968-2011թթ. (ընդհատումով) աշխատել է իր իսկ հիմնադրած՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն:

Հեղինակել է Ակսել Բակունցին նվիրված մի շարք գրականագիտական հոդվածներ ու գրքեր, «Նժույգս մնաց» բանաստեղծությունների ժողովածուն:

Քաջիկ Միքայելյանի կյանքի ամենամեծ եւ մնայուն գործը, անտարակույս, Ակսել Բակունցի  տուն-թանգարանի հիմնադրումն է:

«Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում (7 հունիսի 2007թ.) այդ առիթով ասել էր՝ «1968-ի հունիսյան մի օր ինձ կանչեցին Գորիսի հյուրանոց: Իսկույն գնացի եւ այնտեղ հանդիպեցի Սերո Խանզադյանին ու Բակունցի որդուն՝ Սեւադա Բակունցին: Նրանք Երեւանի պետհամալսարանում հանդիպել էին Հրանտ Թամրազյանին, Էդվարդ Ջրբաշյանին, այլ գրականագետների եւ հայտնել Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարան հիմնադրելու գործը կազմակերպող մեկին գտնելու ցանկության մասին: Գրականագետները միաձայն տվել էին իմ թեկնածությունը: Ինչ ասեմ՝ հյուրանոցում առանց վարանելու համաձայնեցի, որովհետեւ սերս շատ վաղուց էր արթնացել Բակունցի ստեղծագործության հանդեպ: Պատկերացնում էի նաեւ դժվարությունները, որովհետեւ Բակունցը հայ գրականության այն դեմքերից է, ով մինչեւ կյանքի ավարտը հալածանքների ենթարկվեց: Բացի դրանից, նույնիսկ շատ մարդիկ, ովքեր մի լուսանկար են ունեցել կամ գրողի մի գիրքը թաքուն պահել, իրենց կյանքի գնով են հատուցել: Գիտեի՝ ինչ է սպասվում, բայց սկսեցի հավաքչական աշխատանքը, երկու տարվա նախապատրաստական աշխատանքների շնորհիվ ահագին փաստական նյութ հավաքեցի, եւ 1970-ին հանդիսավոր պայմաններում թանգարանը բացվեց»:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն իր ափսոսանքն է հայտնում Քաջիկ Միքայելյանի մահվան առիթով եւ ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: