01/12/2025

Մեկնարկեց Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մեկնարկեց Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Ապրիլի 25-ը Գուսան Աշոտի ծննդյան օրն է. լրացավ աշուղական երգի մեծ երախտավորի 110-ամյակը: Նրա հիշատակը ոգեկոչեցին ծննդավայր Գորիսում. Գուսանի՝ քաղաքին իշխող բլրին ամփոփված շիրմին ծաղիկներ դրեցին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, համայնքային իշխանության, Գորիս քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ, Գուսանի արվեստի երկրպագուներ:

Այնուհետեւ հանդիսություն տեղի ունեցավ Գորիսի մշակույթի կենտրոնի առջեւի պուրակում, որտեղ Աշոտի հուշարձանի պատվանդանին ծաղիկներ դրեցին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ:

Գնահատանքի խոսքեր ասվեցին 20-րդ դարի երգարվեստում մնայուն հետք թողած Գուսան Աշոտի մասին:

Ներածական խոսքով հանդես եկավ Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Նառա Մինասյանը:

Այնուհետեւ ընդգրկուն խոսք ասաց «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով մասնավորապես նշեց. «Գուսան Աշոտը դեռեւս 5-րդ դարում Մովսես Խորենացու հիշատակած Գողթան գավառի գուսանների նորօրյա շառավիղն էր:

Գուսան Աշոտը հայոց միջնադարյան քնարերգուների, տաղասացների եւ հատկապես Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի տաղերով ու խաղերով, հայրեններով, ինչպես եւ հոգեւոր շարականներով սնված ու ոգեշնչված անհատականություն էր:

Նա հայոց առաջին աշուղների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ժառանգորդ վերջին եւ ամենաբարձր գագաթն էր, վեհափառը:

Սայաթ-Նովայի սիրերգության անօրինակ շարունակողն էր:

Ինքն էր խոստովանում. «Ձեռքիս թասը ավանդական քո հին թասն է՝ Սայաթ-Նովա»:

Ինքն էր այն միակն ու բացառիկը, ում ժամանակակիցներն անվանեցին «20-րդ դարի Սայաթ-Նովա»:

Ինքն էր, ում Հովհաննես Բադալյան մեծանուն երաժիշտ-կատարողն անվանեց «Ամենայն հայոց գուսան»:

Գուսանի երգերը, անշուշտ, իր ժամանակաշրջանի ծնունդ են: Բայց նույն այդ երգերի մեծ մասը ճեղքել է ժամանակի պատնեշն ու սահմանները եւ հորդել-հոսել դեպի ապագան՝ պահպանելով արդիականությունը, հուզականությունը: Եվ այսօր վերստին փաստում ենք՝ Գուսանի երգերն իրոք որ անմահ են, այդ երգերից շատերն իրենց մնայուն տեղն ունեն հայոց ժողովրդական գանձերի շարքում»:

Վերջում Գորիսի մշակույթի կենտրոնի Գուսան Աշոտի անվան ժողգործիքների անսամբլի մենակատար Արթուր Դադալյանը եւ Մարուսյա Նուրիջանյանը կատարեցին Գուսանի երգերից:
Ապրիլի 25-ի հանդիսությամբ սկսվեց Աշոտ Հայրապետի Դադալյանի (Գուսան Աշոտի) 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: