01/16/2025

Ցուցահանդես՝ մարդու իրավունքների մասին լուսանկարներով

Ցուցահանդես՝ մարդու իրավունքների մասին լուսանկարներով

Օրերս հրապարակված «Մարդու իրավունքների մասին՝ լուսանկարներով» վերտառությամբ հոդվածում նշել էինք, որ «Մարդու իրավունքների կրթական կենտրոնի ստեղծում Կապանի էլեկտրոնային գրադարանում» ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացներին կհաջորդի մեկշաբաթյա ցուցահանդես: Մայիսի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում բացվեց ծրագրի մասնակիցների կատարած լուսանկարների ցուցահանդես, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթը, դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: Նախքան ցուցահանդեսի բացումը նրանք ծանոթացան էլեկտրոնային գրադարանում ստեղծված մարդու իրավունքների կենտրոնին, այնուհետեւ «Տեղական լուծումների զարգացման հիմնադրամ» հկ ներկայացուցիչ Հայաստան Ստեփանյանը բացման խոսքով համառոտ ներկայացրեց ծրագրի առաքելությունը, այդ ընթացքում իրականացված աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ ծրագրի մասնակից երիտասարդները կդառնան մարդու իրավունքների կրողն ու տարածողը ոչ միայն Կապանում, այլեւ ողջ Սյունիքում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերտը մասնավորապես նշեց, որ մարդու իրավունքները հիմնարար իրավունքներ են, որ տալիս է Աստված, այլ ոչ թե կառավարությունը, ուստի դրանց պաշտպանությունը բոլորիս խնդիրն է:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ողջունելով հյուրերին եւ շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, հույս հայտնեց, որ Կապանի էլեկտրոնային գրադարանում ստեղծված մարդու իրավունքների կենտրոնը կծառայի իր նպատակին: Նրա խոսքով՝ համայնքապետարանը մշտապես խրախուսում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նախեւառաջ նպաստում են երիտասարդների գիտելիքների հարստացմանը:

Էլեկտրոնային գրադարանի աշխատակից, ծրագրի մասնակից Գայանե Մուսայելյանը կարեւորեց այս նախաձեռնությունը, կոչ արեց մասնակիցներին ստացած գիտելիքները ծառայեցնել գլխավոր նպատակին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ակտիվ համագործակցել գրադարանի մարդու իրավունքների կենտրոնի հետ:

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը նշեց, որ այս միջոցառումն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու եւս մեկ առիթ է: Նա համառոտ ներկայացրեց կրթահամալիրի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ հավատացրեց, որ իրենց հաստատությունում ամեն ինչ անում են, որ երեխաներն իրենց զգան հասարակության լիարժեք անդամ, տիրապետեն երեխաների կարիքներից բխող կարողություններին ու հմտություններին:

Երեք թեմայի՝ գետերի աղտոտում, պոչամբարներ, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում սովորողների առօրյան, կեցության պայմաններն ու իրավունքները, շրջանակում արված լուսանկարների ցուցահանդեսը մեկ շաբաթ դիտելու, մարդու իրավունքների կենտրոնին տրամադրված գրականությունից, ֆիլմերից մշտապես օգտվելու հնարավորություն ունեն բոլորը:

Հայաստան Ստեփանյանը գիրք նվիրեց գրադարանին, Գայանե Մուսայելյանին, իսկ եւս մեկ գիրք իր հասցեատիրոջը՝ այցելուների կողմից ամենաշատ ուշադրության արժանացած լուսանկարի հեղինակին, կգտնի ցուցահանդեսի ավարտից հետո:

Միջոցառումն անցավ դասական երաժշտության հաճելի մեղեդիների ներքո՝ Կապանի երաժշտական դպրոցների սաների, դասատուների եւ արվեստի քոլեջի ուսանողների կատարմամբ:  

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: