09/23/2020

Հովիկ Ալեքսանյան. «Դպրոցների օպտիմալացման նպատակն ուսման որակի բարձրացումն է»

Հովիկ Ալեքսանյան. «Դպրոցների օպտիմալացման նպատակն ուսման որակի բարձրացումն է»

Հարցազրույց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի հետ


- Պարո՛ն Ալեքսանյան, համառոտ ներկայացրեք 2016-17 ուստարին մարզի կրթական հաստատություններում:

- Եթե մեկ նախադասությամբ բնութագրեմ, կասեմ, որ 2016-17 ուստարում ունենք նկատելի ձեռքբերումներ, ոգեւորիչ հաջողություններ:

Մարզի 1071 շրջանավարտից 617 հոգի կմասնակցի միասնական քննություններին: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլն անցկացվել է 16 առարկայից, որին մասնակցել է 778 աշակերտ, որից 110 աշակերտ իրավունք է ստացել մասնակցել հանրապետական փուլին: Այդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 157 աշակերտ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պարգեւատրվեց առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներով: Առիթից օգտվելով՝ պետք է շնորհակալություն հայտնեմ նաեւ կազմակերպիչներին, ովքեր լավագույնս ապահովեցին օլիմպիադայի արդար եւ թափանցիկ անցկացումը, ինչպես նաեւ գիշերակացի, սննդի եւ մի շարք այլ կենցաղային հարցերի լուծումը: Հանրապետական փուլից ունենք 34 մրցանակային տեղ, որից 3-ը՝ առաջին կարգի դիպլոմ՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Եվա Ստեփանյանը՝ մաթեմատիկայից, Սիսիանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Խաչիկյանը՝ աշխարհագրությունից եւ Շաքեի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալվարդ Կարապետյանը՝ պատմությունից: Մայիսի 24-ին ԿԳ նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը դիպլոմներ հանձնեց 8-12-րդ դասարանների՝ առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Նշանակալից էին նաեւ դպրոցականների համար Երեւանի պետական համալսարանի կազմակերպած համալսարանական օլիմպիադաների ընթացքում գրանցած հաջողությունները: Սրան նույնպես աշակերտները մասնակցեցին ոգեւորությամբ, քանի որ լավագույն արդյունքներ գրանցելու դեպքում մայր բուհ ընդունվելու լրացուցիչ հնարավորություն են ստանում: Հուրախությամբ պիտի արձանագրեմ, որ օլիմպիադաներին մեր աշակերտներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում՝ առանց զանազան խոտոր ճանապարհների դիմելու եւ, կարելի է ասել, մեկը մյուսին «վերահսկելով»:

Մարզում այս ուստարում ունենք մեդալի 39 թեկնածու:

- Ինչպիսի՞ն էին այս ուստարում մարզի դպրոցներում անցկացված տեսչական ստուգումների արդյունքները:

-  Մարզի 23 հանրակրթական դպրոցում 2016թ. հոկտեմբեր ամսին անցկացվեցին տեսչական ստուգումներ, որոնց արդյունքները նույնպես համարում եմ ուստարվա մեր հաջողություններից մեկը: Իրականում բավականին գոհացուցիչ արդյունքներ ցուցաբերեցին մեր դպրոցները՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ կրթական գործը բավականին լավ է կազմակերպվում մեր հաստատություններում: Որոշակի բացթողումներ կային իրավական դաշտում, որոնք ստուգումներից հետո շտկվեցին: Նշեմ, որ արդեն շատ դպրոցներում առկա ուսուցչի օգնականի հաստիքը բավականին աջակցում է մանկավարժական աշխատանքի կազմակերպման գործին:

- Հանրապետությունում քննարկվող ամենաակտուալ հարցերից մեկն էլ դպրոցների օպտիմալացման ծրագիրն է: Արդյո՞ք Սյունիքի մարզի որեւէ դպրոցի սպասվում է օպտիմալացում:

- ՀՀ կառավարության ս.թ. մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանին՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական կրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման եւ աշխատանքների կազմակերպման օպտիմալացման վերաբերյալ: Նախարարությունն այժմ մշակում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եւ դպրոցների գերբեռնված ու թերբեռնված աշխատանքը: Միավորման շնորհիվ դպրոցն ավելի լիարժեք կաշխատի եւ կկատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից: Սա չի ենթադրում մանկավարժների կրճատում: Իմ կարծիքով՝ նույնիսկ երկու մանկավարժական կոլեկտիվի սինթեզի միջոցով ավելի ուժեղ թիմ կունենանք: Ինչպես ասացի, այս փոփոխությունը վերաբերում է միայն քաղաքային դպրոցներին, բայց ԿԳ նախարարություն ներկայացրած մեր առաջարկության մեջ, խորհրդակցելով մարզպետի հետ, նշել ենք այն բոլոր օբյեկտիվ պատճառները, որ առայժմ Սյունիքի մարզի քաղաքային դպրոցներում օպտիմալացման խնդիր չկա, այսինքն՝ մենք նպատակահարմար չենք գտնում. թե նախարարությունը հետագայում ինչպիսի քայլեր կձեռնարկի, չեմ կարող ասել: Մարզի քաղաքներում մինչեւ 300 աշակերտ ունեցող չորս դպրոց ունենք, որոնցից մեկը՝ Սիսիանում, որ գալիք ուստարում կունենա համապատասխան թվով աշակերտ, մյուսը՝ Գորիսում, որը պարզապես նախատեսված է մինչեւ 300 աշակերտ ունենալու համար, բացի դրանից՝ հարեւան դպրոցից բավականաչափ հեռու է գտնվում, մեկը` Կապանում եւ մեկն էլ` Մեղրիում, որոնք նույնպես հարեւան դպրոցից հեռու են գտնվում: 

- Օպտիմալացման մասին խոսակցություններին զուգահեռ հասարակության մեջ, իհարկե, ոչ փաստարկված, տարակուսանք առաջացավ, որ հավանական է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը միանա Կապանի թիվ 6 հիմնական դպրոցին:

- Ինչպես ասացիք, դրանք չհիմնավորված զրույցներ են, նման խնդիր չկա: Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքներն իրականացվում են Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ, ինչպես գիտեք, շենքը սեյսմավտանգ վիճակում էր, քանդման աշխատանքներն ավարտվել են, իսկ կառուցման աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություն չունեմ:

Օգտվելով առիթից՝ նշեմ, որ մարզի որոշ դպրոցներում այս ընթացքում իրականացվել են տարբեր շինարարական աշխատանքներ: Ավարտվել են Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի, Ագարակի միջնակարգ դպրոցի կցակառույցի վերանորոգման (հատկացված գումարի չափով) եւ կառուցման աշխատանքները, վերանորոգվել են Դաստակերտի եւ Տոլորսի դպրոցների տանիքները, 14 դպրոցի տրամադրվել է համակարգչային տեխնիկա, որոշ դպրոցների՝ գույք եւ այլն: Նախատեսվում են շինարարական աշխատանքներ իրականացնել նաեւ այլ դպրոցներում, բայց դրանց մասին՝ համապատասխան որոշում ստանալուց հետո:

- Քանի որ մոտենում է ուստարվա քննաշրջանը, մանրամասնեք այս տարվա քննությունների անցկացման փոփոխությունները:

- 2016-17 ուստարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների  անցկացման մեջ բավականաչափ փոփոխություններ են կատարվել, ինչը, իմ կարծիքով, ողջունելի է: Գիտեք ինչ, հայկական դպրոցի տանիքի ներքո քննությունների ժամանակ նույնպես պիտի հնչի հայ խոսքը, գրվի հայ տառը: Մենք հասել էինք այն հանգրվանին, որ քննություն էին հանձնում ինչ-որ «խաչեր» դնելով, ինչի արդյունքում լիարժեք չէին բացահայտվում աշակերտի լեզվամտածողությունը, վերլուծական միտքը…

Մասնավորապես 4-րդ դասարանում նախկին թեստերի փոխարեն աշակերտի գիտելիքի ստուգումը կանցկացվի թելադրության («Մայրենի», հունիսի 1-ին) եւ գրավոր աշխատանքի միջոցով («Մաթեմատիկա», հունիսի 3-ին), 9-րդ դասարանում՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն»՝ փոխադրություն (հունիսի 5-ին), «Գրականություն»՝ բանավոր (հունիսի 8-ին), «Մաթեմատիկա»՝ գրավոր (հունիսի 12-ին), «Օտար լեզու»՝ բանավոր (հունիսի 15-ին), «Բնագիտություն»՝ գրավոր (հունիսի 19-ին), «Հայոց պատմություն»՝ բանավոր (հունիսի 22-ին), «Ֆիզկուլտուրա»՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչեւ քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը եւ/կամ հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի աշակերտը դեկտեմբերին հանձնել է միայն այն առարկաներից պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել եւ չի ուսումնասիրել 2-րդ կիսամյակում:

Հունիսին միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք  չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: 12-րդ դասարանի պետական ավարտական հունիսյան քննությունները կկազմակերպվեն հետեւյալ կարգով՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն»՝ գրավոր (հունիսի 7-ին), «Մաթեմատիկա»՝ գրավոր (հունիսի 14-ին), «Հայոց պատմություն»՝ գրավոր (հունիսի 21-ին): Չնայած նշեմ, որ աշակերտն ինքն է ընտրում, թե որ քննությունները հանձնի դեկտեմբերին, որը` հունիսին:

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի դասապրոցեսը նույնպես այլ կերպ ընթացավ, ինչը նպատակ ունի աստիճանաբար վերացնել կրկնուսուցումը դպրոցներում: Արդյո՞ք կհասնենք նրան, որ դպրոցն աշակերտի բուհ ընդունվելու առաքելությունը լիարժեք կկատարի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

- «Վերջին դաս» միջոցառման կազմակերպման համար երբեմն հանրապետական մամուլում հանդիպում ենք ծնողների բողոքներին ու դժգոհություններին: Մարզի դպրոցներից նման բողոք ստացե՞լ եք:

- Անուղղակի կարգով մեզ դիմել են նմանատիպ հարցով, եղել ենք այդ դպրոցում, պարզաբանումներ կատարել: Առհասարակ մշտապես կոչ ենք անում, որ այս միջոցառումն այնպես կազմակերպեն, որ հասարակության մեջ բողոքավորներ չլինեն: Ծնողական խորհուրդներին կոչ ենք արել չափավորության սահմաններում կազմակերպել միջոցառումները, իսկ տնօրեններին՝ թույլ չտալ անհարկի դժգոհությունների ալիքի բարձրացում:

- Ձեր շնորհավորական խոսքը «Վերջին դաս»-ի կապակցությամբ:

- Միշտ ասել եմ, որ «Վերջին դաս»-ը, որ իմ առաջարկությամբ դպրոցներում անց է կացվում հայ դպրոց-հայոց այբուբեն-հայկական մշակույթ-Հայ առաքելական եկեղեցի-հայոց բանակ-հայ զինվոր ձեւաչափով, նախեւառաջ հաշվետվություն է, որի ընթացքում պետք է ամփոփես դպրոցում անցած ճանապարհդ: Մաղթում եմ բոլորին հաջողություններ, եւ, ամենակարեւորը, նպատակասլացություն: Մեր աշակերտները խելացի են, բանիմաց, եւ, համոզված եմ, հետագայում նույնպես կունենան մեծ ձեռքբերումներ, կապրեն բարձր չափանիշներ ու արժեքներ դավանելով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: