09/23/2020

«Ագրոբիոպրոդուկտն» ընդլայնում է արտադրությունը

«Ագրոբիոպրոդուկտն» ընդլայնում է արտադրությունը

Արմեն Հարությունյանը, գործարարությամբ զբաղվելով արտերկրում, որոշեց սեփական բիզնեսը ծավալել նաեւ հայրենի քաղաքում: 2013 թվականից գործում է նրա հիմնադրած «Ագրոբիոպրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որ հիմնականում երեք ուղղվածություն ունի՝ թռչնամսի (հավի), համակցված կերերի եւ ալյուրի արտադրություն: Այս ամենում նրան օժանդակում են գործընկերները:

Կյանքի հետաքրքրական ուղի է անցել ընկերության հիմնադիրը: Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է Երեւանի «Հայէլեկտրամեքենա» գործարանում, հետո տեղափոխվել Կապան եւ աշխատել «Էլեկտրոն» գործարանում՝ նախ ճարտարագետ-կոնստրուկտոր, հետո էներգամեխանիկական արտադրամասի պետ: Ուսանել է նաեւ արտաքին առեւտրի համամիութենական ակադեմիայում, ավարտելուց հետո աշխատել արտասահմանում՝ Սիրիա, Եմեն, վերադարձել Հայաստան, աշխատել ընդերքի օգտագործման վարչությունում՝ արտաքին կապերի բաժնի պետ, այնուհետեւ կրկին մեկնել Մոսկվա, որտեղ կաթնամթերքի գործարանի տնօրեն է եղել, այնուհետեւ ֆիրմա հիմնադրել, որ մինչեւ հիմա գործում է: Տիրապետում է մի քանի օտար լեզվի՝ անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն:

- Հայրենիք վերադառնալուս մղումն այն էր, որ ցանկացել եմ ինչ-որ բանով օգտակար լինել հայրենակիցներիս: Այս ամենը կարող էի Ռուսաստանում ստեղծել, բայց ներքին համոզմունք ունեի, որ այստեղ դրա կարիքն ավելի շատ է, քան Մոսկվայում: Եկել եմ մարդկանց օգնելու, այլ ոչ թե կապիտալ դիզելու եւ հարստանալու, կարող էի ռեստորան ու խաղատուն բացել, բայց դրանցով տնտեսություն չես զարգացնի, - այսպես է մանրամասնում հայրենիքում հաստատվելու իր մտադրությունը:

Գեղանուշ տանող ճանապարհին ավտոսերվիսի կետ էր բացել, բայց արդյունավետությունը նվազ էր, ուստի դեպի Նորաշենիկ տանող ճանապարհին, մի բաց տարածքում (իր բնորոշումն է), որ երեք հեկտար է, որոշեց թռչնաբուծությամբ (եւ ոչ միայն) զբաղվել: Այժմ արդեն նրա ընկերության արտադրած հավի միսը համարում ունի շուկայում: Իսկ մինչ այդ մեկը մյուսի հետեւից շարք են մտել թռչնանոցները, մորթման եւ սառեցման, համակցված կերերի եւ ալյուրի արտադրամասերը, շուտով նաեւ ինկուբատորը կգործի: Այս վերջինով շատ կարեւոր հարց կլուծվի: Բանն այն է, որ մեկ օրական ճուտը ներկրում են Իրանից, ինչն էականորեն բարձրացնում է թռչնամսի ինքնարժեքը, բացի այդ տեղափոխելու ճանապարհին չեն բացառվում կորուստները: Նաեւ տեղում ճուտ ստանալու դեպքում կփակվի սեփական արտադրության ցիկլը:

Ընկերությունում ամեն ինչ նոր է՝ եւ արտադրական մասնաշենքերը, եւ սարքավորումները: Ասենք նաեւ, որ հոգացել են աշխատողների աշխատանքի եւ կենցաղի պայմանների մասին, մեր այցելության օրը՝ մայիսի 16-ին, շինարարները վերջին սրբագրումներն էին անում վարչական շենքի վրա: Դե հայոց եռագույն դրոշը, որ փակցված է կառույցներից մեկի վրա, շատ հեռվից է ուշադրություն գրավում: Այստեղ գերմանական ժամանակակից սարքավորումներ են տեղադրվել, «Չիլլեր» կոչվող սարքավորումը նույնիսկ Եվրոպայում է հազվադեպ հանդիպում: Այն հավի միսն ավելի հյութեղ ու համեղ է դարձնում. Մաքրում ավելորդ կեղտից ու հոտերից: Դրանք մոնտաժել-կարգաբերել են գերմանացի մասնագետները, մարդու միջամտությունը հասցված է նվազագույնի, մանավանդ հավի մորթման եւ լվացման ժամանակ բոլոր գործընթացները կատարում են սարքավորումները: Եվս մի առանձնահատկություն. հավերը բտվում են հատակային պահվածքով եւ ոչ թե վանդակային: Ընկերության հիմնադիրը բացատրում է, որ եթե հավը շարժման մեջ է լինում, նրա մսի համն ավելի համեղ է լինում, քան վանդակում պահած հավի, տնական հավի մսի որակներ է ստանում եւ շարունակում. «Շեշտը դնում ենք որակի վրա, ոչ մի քիմիական բաղադրիչ չկա բտվող հավի կերակրացանկում: Մինչեւ յոթ օրական ճտին վիտամիններ ենք տալիս, հետո դադարեցնում, որպեսզի համը չանցնի ճտի մսին»:

Ի դեպ, թռչնի կերի մասին: Ցորեն, սոյա եւ եգիպտացորեն, - սրանք են թռչնին տրվող հիմնական կերերը: Ցորենը գնում են մարզի մենատնտեսներից, սոյան եւ եգիպտացորենը ներկրում են: Զրուցակցիս փոխանցմամբ՝ մեզ մոտ սոյա չեն աճեցնում, Երեւանից են ներկրում, վաճառողն իր գինն է թելադրում: Ուստի տեղում փորձնական ցանք են կատարել, եւ դրական արդյունք ստանալու դեպքում իրենք իրենց գլխի ճարը կտեսնեն: Այլ է բանը եգիպտացորենի դեպքում, որն աճեցնելու համար ոռոգովի հողատարածություն է հարկավոր: Բայց այդպիսի վիճակը նեղը չի գցում գործարարին, որը թռչնակերի խնդրի լուծման շատ օպտիմալ ուղի է մտածել եւ իրականություն դարձրել. տեղում համակցված կեր են ստանում:

Թռչնարտադրությունը ռիսկային ոլորտ է, մի օրում տարիների չարչարանքը կարող է ջուրը լցվել: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե թռչնագրիպը մի քանի տարի առաջ ինչ «ավերածություններ» էր գործում, ինչ վնասներ հասցրեց թռչնարտադրությանը:

- Ճուտը Իրանից ենք ստանում, այնտեղ մայր հավին պատվաստումներ արված պիտի լինեն, որ հիվանդությունը ճտին չփոխանցվի: Այստեղ մի քանի անգամ պատվաստումներ ենք անում՝ տարբեր հիվանդությունների դեմ, մինչեւ օրական ճուտը մսատու հավ դառնա, - մանրամասնում է զոոտեխնիկ Ռազմիկ Ալեքսանյանը, ով երկար տարիներ աշխատել է Կապանի թռչնաֆաբրիկայում:

Խոսք եղավ թռչնի մսի՝ շուկայում մրցակցության մասին. «Շուկայում անարխիա է, - ավելի հարմար բառ չի գտնում գործարարը, - Ռուսաստանից, Պարսկաստանից, այլ տեղերից հավեր են ներկրում, այստեղ փաթեթավորում, իրենց ապրանքանիշով վաճառքի հանում: Մենք չենք կարող գնորդին խաբել, բացի այդ՝ մեր արտադրանքը գովազդի կարիք չունի, ինքն է իր համար ճանապարհ հարթում»: Նաեւ հավելում է, որ պայմանագրեր ունեն կնքված մարզկենտրոնի դպրոցների, մանկապարտեզների հետ:

- Թռչնարտադրության հետ կապված հույսերն արդարացվե՞լ են, - հարց ենք ուղղում մեր զրուցակցին: «Դժգոհ չենք, աշխատում ենք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը», - լինում է պատասխանը: Հընթացս տեղեկանում ենք, որ ընկերությունը հավի միսը մատակարարում է կիլոգրամը 1370 դրամով, եւ մտածում սեփական կերարտադրությանը զարկ տալով՝ արտադրանքի ինքնարժեքն իջեցնել:

«Ագրոբիոպրոդուկտ» ՍՊ ընկերության գործունեության երրորդ ուղղությունն ալյուրի արտադրությունն է: Ցորենը ձեռք են բերում տեղացի արտադրողներից, շուտով կսկսվի հասկավոր մշակաբույսերի բերքահավաքը, ցորենի մթերումն էլ չի ուշանա: Մոտավոր հաշվարկներով՝ Կապանում յոթ տոննա ալյուր է իրացնում: Մարզում ալրաղացներ շատ կան, մանավանդ Սիսիանում, Գորիսում, մրցակցությանը դիմանալու խնդիր կա: Ուստի դրան դիմանալու համար մտադրություն ունեն ալյուր արտադրել՝ դիետիկ հաց թխելու համար:

- Որպեսզի մեր արտադրած ալյուրը մրցունակ լինի, վաճառում ենք մայրաքաղաքային գներով: Մայրաքաղաքից մարզկենտրոն ալյուր ներկրողների համար տեղափոխման ծախսերը բացառվում են, այսինքն՝ շահավետ է «Ագրոբիոպրոդուկտի» ալյուրը գնել, - համոզված է գործարարը:

Շատ կարեւոր է հանգամանքը, որ գործի մարդը սոցիալական շատ կարեւոր խնդիր է լուծել՝ զբաղվածության խնդիրը: Միջին աշխատավարձի մասին հարց չհնչեցրինք, քանզի ընկերությունը շարունակում է ընդլայնել արտադրությունը:

Այժմ ընկերությունում ներգրավված է քառասունից ավելի աշխատող, շինարարության ընթացքում նրանց թիվը հասնում էր յոթանասունի: Ինչպես փոխանցեց հիմնադիրը, առայժմ աշխատում են նախագծային հզորությունների 30 տոկոսի չափով: Եղածով բնավ չեն բավարարվում: Խոսքն արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ է: Նաեւ մտածում են ձուկ բուծելու մասին, անհրաժեշտ նախադրյալները ստեղծել են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: