09/28/2020

Մարզկենտրոնում նշվեց Հանրապետության տոնը

Մարզկենտրոնում նշվեց Հանրապետության տոնը

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Կապանի քաղաքապետարանին կից այգում Կապանի N զորամասի մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Զորամասի նվագախմբի հնչյունների ներքո մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալ     ցուցադրված զենք-զինամթերքին, վայելել զինվորական քայլերգեր:   

Տոնական հանդիսությանը ներկա էին գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին ԲԿ շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամներ, դպրոցականներ, զինծառայողներ, երկրապահ, վետերան ազատամարտիկներ, մեծաթիվ կապանցիներ:

Զորահանդեսի ժամանակ բացազատված տարածքում Կապանի N զորամասի զինվորները հանդես եկան ցուցադրական վարժություններով՝ եւս մեկ անգամ հպարտության զգացում պարգեւելով ներկաներին:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվել էր. «Մայիսի 28-ն է, որ հարյուրամյակներ հետո մեզ վերադարձրեց ինքնիշխան պետության մեջ, անկախ երկրում ապրելու զգացումը: 1918 թվականը վճռորոշ էր մեր պատմության համար, իսկ հայոց պետականությունը վերականգնվեց քաղաքական բարդ ժամանակաշրջանում, հայ ազգի համար պատմական դաժան անցքերից հետո, այդուհանդերձ, մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ հաղթողը ոգին է, եւ որ անգամ փոքրաթիվ զորամիավորումներով կարող ենք հաղթանակ տոնել»:

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված էր. «Հայ ժողովրդի հերոսական անցյալի, ներկայի, ստեղծագործ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ազգովի մեծ խանդավառությամբ տոնում ենք Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի 99-րդ տարեդարձերը: Անկախ Հանրապետության հռչակումը հայ ժողովրդին մեկ անգամ եւս հնարավորություն տվեց կերտել իր ապագան եւ աշխարհին, առավելապես՝ հակառակորդին ապացուցել, որ հայ ժողովուրդն անպարտելի է, հզոր, առաքելություն ունի արարելու եւ կառուցելու պատմության հարատեւ ընթացքի մեջ, իր պատվավոր տեղն ամրապնդելու աշխարհի քարտեզի վրա»: Հրամանատարն իր ուղերձում անդրադարձել է Սյունյաց անպարտելի աշխարհին, որն այսօր էլ պատվով եւ գիտակցումով զենքը ձեռքին ստիպված է պայքարել, պաշտպանել հայրենիքի սահմանները, ապրելու եւ հարատեւելու իր արժանավոր իրավունքը:

Ներկաներն Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին, իսկ միջոցառումը եզրափակվեց Կապանի N զորամասի զորախմբի հանդիսավոր քայլերթով:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: