01/16/2025

Կրթօջախի չորս տասնամյակը

Կրթօջախի չորս տասնամյակը

Կապանի N2 երաժշտական դպրոցի 2016-17 ուստարվա հաշվետու համերգը նվիրված էր կրթօջախի հիմնադրման 40-ամյակին:

Գործունեությունը սկսելով չափազանց սուղ պայմաններով՝ դպրոցն աստիճանաբար վերափոխվեց թե՛ արտաքնապես, թե՛ բովանդակությամբ եւ դարձավ դեռահասների գեղագիտական դաստիարակության օջախներից մեկը: Կրթօջախի կայացման գործում անուրանալի է հիմնադիր տնօրեն Լիաննա Հակոբյանի նվիրումը, նրա շնորհիվ մանուկներին հասու դարձավ գեղեցիկը զգալու եւ գնահատելու արվեստը: 1989-ին դպրոցի տնօրենությունը ստանձնեց շնորհալի երաժիշտ ու դաշնակահար Վարդան Սարդարյանը: Իսկ 1996-ից մոտ երկու տասնամյակ դպրոցը ղեկավարեց ժողովրդական նվագարանների վարպետ, հմուտ երաժիշտ Վարդան Քոչարյանը: Այժմ N2 երաժշտական դպրոցը պատվով շարունակում է մանկան հոգում գեղեցիկի հանդեպ սերմանելու ուխտի ճամփան՝ Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ: Իր գոյության տարիներին դպրոցն ունեցել է ավելի քան 950 շրջանավարտ, որոնցից շատերը դարձել են շնորհալի երաժիշտներ, հմուտ մանկավարժներ: Այսօր կրթօջախում դասավանդում է 23 մանկավարժ:

Մինչեւ հաշվետու համերգը սկսվելը դպրոցի տնօրենությունը պատվոգրի արժանացրեց դպրոցի հիմնադիր տնօրեն Լիաննա Հակոբյանին, Վարդան Սարդարյանին, Վարդան Քոչարյանին, ուսումնական գծով փոխտնօրեն Մայա Մելիքսեթյանին: Շնորհակալագրեր հանձնվեցին մի խումբ դասախոսների, հարգանքի տուրք մատուցվեց հանգուցյալ մանկավարժներ Լիլիթ Ավանեսյանի, Կարինե Խաչատրյանի, Թամար Հարությունյանի եւ Ռենա Աթաբեկովայի հիշատակին: Երախտագիտություն հայտնվեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին՝ միջազգային եւ հանրապետական մրցույթներին սաների մասնակցությանն աջակցելու համար:

Հաշվետու համերգն ընդգրկուն էր. կրթօջախի սաներն ու մանկավարժները տարբեր երաժշտական գործիքներով հնչեցրին հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր: Համերգը եզրափակվեց կրթօջախի միացյալ երգչախմբի «Մուշ» ժողովրդական երգի կատարումով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: