09/23/2020

Քննարկվեց Կապանում առկա հանքաջրերից մեկի մաքրման նախագիծը

Քննարկվեց Կապանում առկա հանքաջրերից մեկի մաքրման նախագիծը

Հունիսի 20-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում «ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ-ի ներկայացրած «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի եւ փորձաքննական գործընթացի վերաբերյալ: Այն վարում էր Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը, ներկա էին բնապահպաններ, հկ ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված անձինք, ինչպես նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը:

Նախագծի մասին համառոտ ներկայացրեց «ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Գեւորգյանը, ով նշեց, որ հայտը վերաբերում է արդեն չգործող հանքուղուց եկող ջրերին, որոնք պարունակում են ծանր մետաղներ եւ իրենց ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի վրա: Նա տեղեկացրեց, որ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում կսկսվեն աշխատանքները, իսկ ծանր մետաղների կորզումը կիրականացվի ցեմենտացման եղանակով՝ առանց զանազան քիմիական նյութերի օգտագործման: Մասնակիցները տարբեր հարցեր եւ առաջարկություններ հնչեցնելուց զատ նշեցին, որ սա բնապահպանական կարեւոր խնդիր լուծող ծրագրերից մեկն է եւ ողջունելի քայլ, որ հաջողություն ունենալու դեպքում հետագայում կարող է օրինակ ծառայել Կապանի տարածքում հոսող այլ հանքաջրերի մաքրման համար եւս:

Լեւոն Գեւորգյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, նշեց, որ կանխատեսում են ջրից ծանր մետաղների մինչեւ 90 տոկոս կորզում ապահովել: Հասկանալի է, որ ընկերության համար այս նախագիծը նախեւառաջ շահույթ հետապնդող գործունեություն է, բայց միեւնույն ժամանակ կարեւոր է նրանով, որ սրա՝ իրականություն դառնալու դեպքում Կապանում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ:

Ինչպես Կարինե Մովսիսյանը հավաստիացրեց, քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն վերջնական փորձաքննական եզրակացությունը կազմելիս:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: