01/17/2025

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր ոսկրահան, բայց եւ ճարպոտ ու անլվա ձեռքն է թափ տալիս «Սյունյաց երկրի» վրա

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր ոսկրահան, բայց եւ ճարպոտ ու անլվա ձեռքն է թափ տալիս «Սյունյաց երկրի» վրա

«Սյունյաց երկիր» թերթի վերջին համարը, որում զետեղված էր թերթի խմբագրի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բանտարկվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական շենքում (իրենց հասանելիք խմբաքանակի մասին է խոսքը):

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խմբագրությունը ս.թ. հուլիսի 1-ից դադարեցնում է «Սյունյաց երկիր» թերթի առաքումը Քաջարանի կոմբինատ, քանի դեռ, գլխավոր տնօրենի աթոռը զբաղեցնող Մհեր Պոլոսկովը չի հրաժարվել բուտաֆորի իր անփառունակ դերից, քանի դեռ իշխանությունները գնահատական չեն տվել Սյունիք ներթափանցած «խաչակիրների» այդ նախաձեռնությանը եւ խոսքի ազատության վրա աննախադեպ այդ հարձակմանը:

Թերթի խմբագրակազմը քմծիծաղով է վերաբերվում Վահե Հակոբյանի ու Մհեր Պոլոսկովի նենգավոր ու խարդախ այդ ձեռնարկմանը:

Միջոցների մեջ խտրություն չդնող այդ անճարներին, սակայն, պիտի հիասթափեցնենք՝ «Սյունյաց երկիր» թերթը ոչ մի օր եւ ոչ մի պարագայում չի դադարեցնի իր ակտիվ ու նպատակասլաց գործունեությունը: Շատ ծիծաղելի կլիներ, եթե երկու կամ երեք պատահականություն՝ մի քանի օրով Սյունիքում հանգրվանած, կարողանային խոչընդոտել բազում փորձությունների միջով անցած, ստեղծագործական մեծ ժառանգություն թողած պարբերականի գործունեությունը: Ավելին, թերթն առաջիկայում նոր եւ լուրջ ծրագրեր կյանքի կկոչի, ինչի համար բոլոր հիմքերը կան:

Իսկ առայժմ Վահեին ու Մհերին Չարենցյան մի քառատող ենք նվիրում.
«Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սեւ մարդուկների այդ անկար-
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում...
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար… »:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: