01/12/2025

Ի՞նչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Ի՞նչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

(ընկերությունը երեք տարում խոշոր հարկատուների ցուցակի 1-ին տեղից հասել է 16-րդ տեղը, իսկ 2016 թվականին (2013-ի համեմատությամբ) 29 մլրդ դրամ պակաս հարկ է վճարել պետբյուջե)

Փորձենք գնահատել Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքի արդյունավետությունը՝ ոչ թե ըստ իր ստացած աշխատավարձի, այլ իր ղեկավարման տակ գտնվող հաստատությունների տնտեսական գործունեության արդյունքների ու վճարած հարկերի: Ի վերջո, ամսական 11 մլն դրամ աշխատավարձը պետք է որ ինչ-որ արդյունքների համար վճարված լիներ. դժվար թե նման աշխատավարձ միայն share-երին ու like-երին հետեւելու համար վճարելիս լինեին:

Վերլուծությունը սկսենք «Քրոնիմետ»-ի կայքից, ըստ որի՝ ՀՀ-ում նրանք ներկայացված են հետեւյալ կերպ․

Ընկերություն                                                                                                  Քաղաք
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (այսուհետ՝ ԶՊՄԿ)            Քաջարան
«Մաքուր երկաթի գործարան»  ԲԲԸ                                                                   Երեւան
«Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ                                                      Քաջարան
«Ինտերնեյշնալ բեյզ մետալ թրեյդինգ լոգիստիքս» ՍՊԸ                                      Քաջարան

Վերջին ընկերությունը նույնիսկ չհաջողվեց գտնել պետական ռեգիստրի բազայում: Այսուհետ բոլոր վերոհիշյալ ընկերությունները միասին՝ «Խմբի ընկերություններ»:
Այսպես, «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների» հաշվետվություններից տեղեկանում ենք խմբի ընկերությունների կողմից 2013-2016թթ. վճարված հարկերի վերաբերյալ․
 
հազար դրամ                  2013                   2014                 2015                 2016
Ուղղակի հարկեր           18,011,762           8,495,439           11,624,809          5,067,082
Անուղղակի հարկեր        5,616,805             4,504,770           2,953,364           3,168,147
Այլ հարկեր                   16,159,690           9,414,912           15,689,463           2,898,955
Ընդամենը                     39,788,256          22,415,122          30,267,636           11,134,184
 
Վերլուծության արդյունքում պարզվեց հետեւյալը․ խմբի ընկերությունները 2016թ․ ՀՀ պետական բյուջե վճարել են 11 մլրդ դրամ հարկի տեսքով՝ ի հակակշիռ 2013թ. վճարված 40 մլրդ դրամի:

Միգուցե ՀՀ-ի այլ բոլոր ընկերությունների մոտ էլ  առկա է նման իրավիճակ: Նման կասկածները փարատելու համար ներկայացնենք խմբի ընկերությունների հարաբերական դիրքը «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների» հաշվետվություններում.
 
Ընկերության դիրքը հարկատուների ցուցակում        2013        2014       2015      2016
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ           1               4          2           16
«Մաքուր երկաթի գործարան»  ԲԲԸ                                  53               56        56          87
«Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ                       -              543      197         229
 
2014թ․ ու 2015թ․ «ՀՀ պետական բյուջե» 3 մլն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ հաշվետվություններն ուսումնասիրելիս (2016թ․ վերաբերյալ դեռ չի հրապարակվել) ԶՊՄԿ-ի վերաբերյալ ստացվում է հետեւյալ պատկերը․
 
հազար դրամ                                                           2014                 2015
ԶՊՄԿ-ի կողմից վճարված եկամտային հարկ              2,804,240           5,474,000
ԶՊՄԿ-ի կողմից վճարված շահութահարկ                  3,792,856           4,616,210
 
Ի՞նչ են հուշում վերոնշյալ թվերը․ օրինակ այն, որ վճարված եկամտահարկը 2015 թվականին, ի տարբերություն 2014թ., 95%-ով աճել է: Հասկանալի է՝ աշխատավարձը միջինում 95%-ով չեն բարձրացրել: Կարելի է եզրակացնել, որ 2015թ. անբավարար տնտեսական արդյունքների հետեւանքով քիչ հաշվարկված հարկերի փոխհատուցման համար հսկայական կանխավճարներ են տրվել: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ շահութահարկը սկսել է զիջել եկամտահարկին: Սպառվել են շրջանառու միջոցները. հետեւանքներն իրենց երկար սպասել չեն տվել. 2016թ. վճարված հարկերը կտրուկ նվազել են: Երբ տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ընկերությունները, որպես կանոն, սկսում են խնայել միջոցները, իսկ այդտեղ, կարծես, «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքն է գործում:

Իսկ ի՞նչ է նշանակում ԶՊՄԿ-ի 16-րդ հորիզոնական զբաղեցնելը․ սա, եթե չեմ սխալվում, առաջին դեպքն է, որ ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների առաջին տասնյակի մեջ չի ընդգրկվել: Փաստորեն, ընկերության ֆինանսական դրությունը տարեցտարի այնքան է ծանրացել, որ 2016թ. նույնիսկ կանխավճարներով չեն կարողացել պահպանել թվերը: Եթե այսպես շարունակվի, ապա ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող ԶՊՄԿ-ն ու խմբի այլ ընկերությունները հնարավոր է եւ ծնկի իջնեն:

Չփորձենք գուշակություններ անել, սակայն չենք կարող չնշել՝ երբ արեւմտյան ընկերություններում իրավիճակն այսքան ծանրանում է, առաջին հերթին կրճատվում են ղեկավարության աշխատավարձերը, եւ հաճախ ղեկավարության նկատմամբ անվստահության խնդիր է բարձրացվում: Իսկ մեզ մոտ…

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: