01/17/2025

Վահե Հակոբյանի հետքերով. 800 տոննա մոլիբդենի առեղծվածային պատմություն

Վահե Հակոբյանի հետքերով. 800 տոննա մոլիբդենի առեղծվածային պատմություն

Փորձենք գնահատել Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի կողմից՝ մինչ մարզպետ դառնալը ղեկավարվող հաստատություններից մեկի տնտեսական գործունեությունը՝ ըստ տված արտադրանքի: Պարզվում է՝ 2015թ. հիմնավոր ենթադրյալից մոտ 4 մլրդ դրամով ավելի քիչ  ֆերոմոլիբդեն է արտահանվել հանրապետությունից: Այժմ՝ հերթով:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայքից տեղեկանում ենք, որ խմբի ընկերությունները պղնձի ու մոլիբդենի խտանյութ են արտադրում: Իսկ խմբի մեկ այլ ընկերության՝  «Մաքուր երկաթի գործարան»  ԲԲԸ-ի կայքից տեղեկանում ենք, որ այդ ձեռնարկությունը մոլիբդենի խտանյութից ֆերոմոլիբդեն է ստանում, ինչն էլ արտահանվում է: Այս տեղեկատվությունը մտապահած՝ այցելում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կայք ու փնտրում մոլիբդեն արդյունահանող ընկերություններ, քանզի մոլիբդենը, ի տարբերություն պղնձի, ավելի հազվադեպ է հանդիպում մեր հանքարդյունաբերության մեջ:

Հայաստանի Հանրապետությունում «Հանքերի եւ հանքերեւակումների անձնագրերի» ու «Օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների» ուսումնասիրությունից պարզվում է, որ մոլիբդենի հանքերի արդյունահանման իրավունք ունեն՝

- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն եւ իր դուստր «Լեռ-էքս» ՍՊԸ-ն,
- «Ագարակի» ՊՄԿ ՓԲԸ-ն,
- «Թեղուտ» ՓԲԸ-ն,
- «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն,
- «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն,
- «Թաթսթոուն» ՍՊԸ-ն:

«Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների» հաշվետվություններից երեւում է, որ վերջին երեք ընկերությունը մեծ գործունեություն չեն իրականացնում: Հետեւաբար կարող ենք հաշվարկներում չներառել դրանց ցուցանիշները: Իսկ «Ագարակի» ՊՄԿ ՓԲԸ-ի ու «Թեղուտ» ՓԲԸ-ի կայքերից տեղեկանում ենք, որ նրանք արտադրում ու արտահանում են մոլիբդենի խտանյութ: Այսինքն՝ ստացվում է, որ առնվազն մինչեւ 2016թ․ վերջ ՀՀ-ից արտահանվող ֆերոմոլիբդենը պատրաստված է միայն ԶՊՄԿ-ի մոլիբդենի խտանյութից: Ու կարծում եմ՝ հակառակ ենթադրությունն էլ ճշմարիտ կլինի՝ ԶՊՄԿ-ի մոլիբդենի խտանյութն արտահանվում է միայն ֆերոմոլիբդենի տեսքով: Այլապես կստացվեր, որ անարդյունավետ կառավարման հետ գործ ունենք․ անընդհատ խոսում ենք ՀՀ արդյունաբերության զարգացման ու արժեքի ստեղծման մասին, բայց իրականում կիսապատրաստուք ենք արտահանում:

Այցելելով Միացյալ ազգերի միջազգային առեւտրի տվյալների բազա՝ գտնում ենք ՀՀ-ից արտահանված ֆերոմոլիբդենի (կոդ 7202 70) քանակներն ու ստանում ստորեւ ներկայացված պատկերը․

Պետք է հաշվի առնել, որ խտանյութի արտադրությունն ու վերամշակումն անընդհատ գործընթացներ են: Դրանք կանգնեցնելն ու վերսկսելը շատ թանկ արժեն ու կատարվում են միայն այլընտրանք չլինելու դեպքում: Սա է պատճառը, որ տարեկան 800 տոննա ֆերոմոլիբդենի պակաս արտահանումը չափազանց ուշագրավ է: Մի պահ ենթադրելով, որ այս նվազման մեջ ոչ մի քրեական տարր չկա, պետք է ենթադրել, որ որեւէ շատ էական, արտառոց դեպք է պատահել, ասենք՝  վերամշակողներից որեւէ մեկի գործունեության խափանում ամիսներ շարունակ կամ ինչ-որ ֆորս մաժոր: Եվ քանի որ ՀՀ-ում ապրելով՝ այդպիսի դեպքի մասին չենք լսել, ապա սա կարելի է որակել  նվազագույնը որպես անթույլատրելի անփութություն, որի համար հաստատ չեն խրախուսում ու հսկայական աշխատավարձեր չեն վճարում: Եթե ոչ հակառակը: Իսկ քրեական տարրի առկայության կամ չար կամքի դրսեւորման դեպքում գործով պետք է իրավապահ մարմինները հետաքրքրվեն:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: