01/12/2025

Հարցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին

Հարցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի պահանջները, խնդրում ենք «Սյունյաց երկիր» թերթին տրամադրել տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ որ գյուղացիների (անվանական ու հասցեական) սերմերի պարտքն եք մարել եւ որքան գումարի սահմաններում:

Դեռեւս 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզպետարանում համայնքապետարանների ներկայացուցիչների հետ քննարկվել է պետական աջակցության ծրագրով մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց վճարման հարցում կուտակված պարտքի խնդիրը: Այնուհետեւ հայտարարել եք քանիցս, որ 2016թ. տարեվերջին արտաբյուջեի հաշվին մարել եք 2012թ. պարտքը: Խոստացել էիք նաեւ 2017թ. ընթացքում մարել 2013թ. նույնանման պարտքը:

Ի՞նչ ընթացքի մեջ է 2013թ. պարտքի մարման գործը, խոսքը ո՞ր համայնքների եւ կոնկրետ ո՞ր գյուղացիների (անվանական) մասին է:

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության (21 մայիսի 2017թ.)՝ 2017թ. մարտի 20-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել մարզպետարանից բռնագանձել 250 մլն դրամ:

Նախ՝ խոսքը ո՞ր պարտքի մասին է:

Այնուհետեւ՝ եթե մարվել է տրամադրված սերմերի 2012թ. պարտքը եւ մարվում է 2013-ի պարտքը, ապա ինչո՞ւ նորից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը գումար է պահանջում:

Եթե մարել եք եւ մարում եք գյուղացիների պարտքը, ապա ինչո՞ւ որեւէ գյուղացի մարզում չգիտի իր պարտքի մարման մասին, ինչո՞ւ գյուղերում մարդկանցից նորից գումար են պահանջում սերմերի դիմաց:

Ահա այդ հարցերի վերաբերյալ է, որ տեղեկատվություն ենք խնդրում:

Հիշեցնում ենք՝ բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրելը, ինչպես նաեւ սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով ամրագրված պատասխանատվություն:

Հնգօրյա ժամկետում (հարցման թղթային տարբերակն ուղարկում ենք փոստով) սպասում ենք հարցման պատասխանին կամ մերժման հիմքերին՝ հակառակ դեպքում լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան բողոքարկելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: