12/08/2025

Սյունիքի մարզի նախկին դատախազը՝ ամբաստանյալի աթոռին

Սյունիքի մարզի նախկին դատախազը՝ ամբաստանյալի աթոռին

Սյունիքի մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանին դեռեւս 2016 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազ, պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:

Նախկին դատախազը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 308-ի 1-ին մասով, հոդված 315-ի 1-ին մասով, հոդված 38-336-ի կետ 1-ով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականից ընթացող դատաքննությունը (Գործ NՍԴ3/0092/01/16) կշարունակվի ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 12-ին: Նախագահող դատավորն է Դավիթ Սարգսյանը:

Արայիկ Թարվերդյանը Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել 2007թ. հուլիսի 27-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2012թ. օգոստոսի 28-ը:

Ժամանակին «Սյունյաց երկիր» թերթը հանգամանալից անդրադարձներ է կատարել Արայիկ Թարվերդյան դատախազի քմահաճ գործունեությանը:

Նա մարզի այն պաշտոնյաներից էր (վերջին 15 տարում), ով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը համարում էր տեղական կադրերի ջարդը եւ «Սյունյաց երկիր» թերթի դեմ պայքարը՝ կանգ չառնելով ոչ մի բանի առջեւ:

Սակայն այսօր թերթի խմբագրակազմը (մոռանալով այդ ամենը) իր անկեղծ կարեկցանքն է հայտնում Արայիկ Թարվերդյանին՝ մաղթելով բարեհաջող ելք ստեղծված իրավիճակից:

Արայիկ Թարվերդյանի գործը մեկ բան է հիշեցնում բոլոր պաշտոնյաներին՝ կյանքը կարող է եւ այսպիսի շրջադարձներ ունենալ…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: