(Սյունիքի մարզպետն օրենքին հակասող եւ իր լիազորություններին անհամապատասխան հանձնարարություն է տվել դպրոցների տնօրեններին)
Մարզխորհրդի վերջին նիստում (13 հուլիսի 2017թ.) Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ժամանակ տվեց հանրակրթական դպրոցների տնօրեններին, համայնքների ղեկավարներին՝ (մինչեւ սեպտեմբերի 1-ը) ազատվել այն աշխատողներից, ում հետ տնօրենը բարեկամական կապեր ունի: Հանձնարարությունն այսպես ձեւակերպվեց՝ «արմատախիլ անել այդ երեւույթը»: Ավելի վաղ եւս մարզպետն անդրադարձել էր «այդ երեւույթին» եւ նույնանման հանձնարարություն իջեցրել:
Հատկապես հանրակրթական դպրոցներում այդ հանձնարարությունը խիստ տարակուսանքով է ընդունվել: Եվ մարդիկ դիմել են «Սյունյաց երկրին»՝ խորհրդակցել մասնագետների հետ ու պարզություն մտցնել մարզպետի հանձնարարության իրավազորության (օրինականության) հարցում:
Հարցին, ըստ էության, երկու տեսանկյունից պետք է մոտենալ՝ բարոյական եւ իրավական:
Բարոյական ասպեկտով մարզպետ Վահե Հակոբյանն ի վերուստ զրկված է նման իրավունքից: Ինքն (ըստ մամուլի հրապարակումների) աշխատում է մի քանի տեղ եւ ամսական միլիոնավոր դրամի հասնող գումար «վաստակում», նույնը՝ իր կինը: Ինքը մի քանի տասնյակ մարդ է բերել Երեւանից եւ ներդրել Քաջարանի կոմբինատում ու Սյունիքի մարզպետարանում՝ չասելով, թե ովքեր են նրանք եւ ինչ կապերով են կապված իր հետ: Ինքն առանց հավաստագրի, առանց պետական նմուշի դիպլոմի (հակառակ օրենքի հստակ պահանջի), մեկին նշանակում է հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնակատար (հավանաբար հաշվի առնելով նրա անուրանալի վաստակը սուրճ եփելու խիստ ինտելեկտուալ ու ազգային գործում՝ իր երբեմնի նախընտրական շտաբում), իսկ գյուղում (որտեղ գրեթե բոլորը միմյանց բարեկամ են) դպրոցի տնօրենն իրավունք չունի օրենքի սահմաններում իր բարեկամին հավաքարար նշանակել: Եվ ոչ ոք նրան չի ասում՝ տղա, այդ ի՞նչ ես անում: Եվ այդ մարդը փորձում է կասկածի տակ առնել նվազագույն աշխատավարձով կամ նույնիսկ 0,5 եւ 0,25 դրույքով դպրոցներում աշխատողների իրավունքը, ովքեր դպրոցի տնօրենի հետ ազգակցական կապ ունեն…
Հարցի իրավական ասպեկտը. ի գիտություն Վահե Հակոբյանի՝ ՀՀ օրենսդրությամբ չկա որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ նույն հիմնարկում (կազմակերպությունում) բարեկամների միջեւ աշխատանքի հետ կապված (բացառության մասին՝ քիչ հետո): Այնպես որ՝ մարզպետի հանձնարարությունն ի սկզբանե ապօրինի է եւ ենթակա չէ կատարման: Եթե ինքն իսկապես ուզում է պետության անունից պահանջողի դեր խաղալ եւ կրթության հարցերով մտահոգվածի պատրանք ստեղծել, ապա պետք է վկայակոչի գործող օրենսդրության գոնե մեկ դրույթ:
Եվ եթե նման պատրվակով հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվելու որեւէ դեպք արձանագրվի առաջիկայում, ապա այն (առնվազն) լրագրողական հետաքննության առարկա կդառնա:
Հիմա՝ բացառության մասին. բացառությունը Հանրային ծառայության եւ Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքներում սահմանված կոնկրետ դեպքերի, կոնկրետ նշված ազգականների մասով է:
Այսպես՝
1. Հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է` համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների),
2. Համայնքային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
Եզրակացություն՝ Սյունիքի մարզպետը հուլիսի 13-ի մարզխորհրդի նիստում օրենքին հակասող, ապօրինի եւ իր լիազորությունների մեջ չմտնող հանձնարարություն է տվել դպրոցների տնօրեններին եւ համայնքների ղեկավարներին, որը կատարման ենթակա չէ:
Ասվածը վերահաստատելու նպատակով հատուկ մարզպետի համար երկու հիշեցում կատարենք ՀՀ Սահմանադրությունից:
1-ին հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունն… իրավական պետություն է»:
6-րդ հոդված՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Մարզպետը ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որեւէ օրենքով նման լիազորությամբ օժտված չէ:
«Սյունյաց երկիր»