01/17/2025

Նախընտրական զարգացումներ Կապանում

Նախընտրական զարգացումներ Կապանում

Նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի խոշորացվող երեք համայնքում՝ Կապանում, Սիսիանում եւ Քաջարանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից յուրաքանչյուրում ընտրությունների նախապատրաստությունը, Ընտրական օրենսգրքով սահմանված ընդհանրություններով հանդերձ, կընթանա տվյալ համայնքին բնորոշ առանձնահատկությունների դրսեւորմամբ:

Թեեւ երեք ամիս ժամանակ դեռ կա, բայց Կապանում նախընտրական զարգացումներն ու վերադասավորումներն այլեւս նկատելի են:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, բնականաբար, կունենա իր թեկնածուն: Ամենահավանական թեկնածուն, ով նաեւ հաղթելու ռեալ շանս ունի, Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է:

Սակայն ՀՀԿ-ի կապանյան թիմում կարող են եւ այլ հավակնորդներ լինել: Չի բացառվում, որ հավակնորդների թվում, օրինակ, լինի Կապանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կարապետյանը: Հնարավոր է, որ իշխող կուսակցության մարզային կառույցի անունից բոլորովին այլ թեկնածու առաջադրի օրվա մարզպետը. արդեն իսկ մի քանի հոգու համայնքի ղեկավար դառնալու առաջարկ է արել: Վահե Հակոբյանի գործոնը, եթե մինչ այդ շարունակի զբաղեցնել մարզպետի աթոռը, կունենա աննշանակ ազդեցություն, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան:

Նոյեմբերի 5-ի ընտրություններում կարեւոր կլինի ԲՀԿ դիրքորոշումը: Քաղաքական այդ ուժը, որքանով տեղյակ ենք, դեռեւս չի որոշել՝ կունենա՞ Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի թեկնածու, թե՞ ոչ: Ակնհայտ է մի բան՝ Մերուժան Սիմոնյանի կողմնակիցների դիրքորոշումը (անգամ թեկնածու չառաջադրելու դեպքում) վճռորոշ է լինելու:

Առաջիկա ընտրամարաթոնի առանձնահատկություններից մեկն էլ այն կլինի, որ 2008 թվականից ի վեր Կապանի հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր խաղացած Արտուր Աթայանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չի առաջադրի իր թեկնածությունը:

Արդյո՞ք Արտուր Աթայանն իր համակիրներին կուղղորդի որեւէ թեկնածուի աջակցելու դաշտ, թե՞…
Կկարողանա՞ ՀՅԴ-ն առաջադրի մի թեկնածու, ով իր շուրջ կհամախմբի Արտուր Աթայանի ընտրազանգվածի մեծ մասը, թե՞ վերջինիս ընտրազանգվածը կտրոհվի եւ կգնա տարբեր ուղղություններով:

Ընտրությունների շեմին, անտարակույս, նոր ուժեր եւ նոր դեմքեր երեւան կգան, այդ թվում՝ վառ անհատականություններ, ինչպես սովորաբար լինում է բոլոր ընտրությունների ժամանակ, ինչի արդյունքում էլ կամբողջանա հասարակական-քաղաքական խճանկարը Կապանի տարածաշրջանում:

Մի հանգամանք եւս՝ երկրի բարձր ղեկավարության համար միեւնույն չի լինի, թե ով կգլխավորի Սյունիքի մարզի ամենախոշոր (բազմաբնակավայր) համայնքը: Ըստ էության հենց այդ ընտրյալ ղեկավարն էլ իրականում (կամա թե ակամա) կլինի մարզպետին հակակշռող առանցքային գործոնը Սյունիքում, ինչով եւ պայմանավորված է մարզպետարանի պահվածքը՝ Կապան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնում ունենալու (հնարավորության դեպքում) կամազուրկ, սեփական դեմք չունեցող հնազանդ մեկին:

Հաշվի առնելով մարզի հասարակական-քաղաքական կյանքի վերջին զարգացումները եւ ավագանու հնարավոր կտրուկ քայլերը մարզպետարան-համայնք հարաբերություններում՝ ակտիվ մրցակցություն կլինի խոշորացվող համայնքի ավագանու անդամների ընտրության հարցում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: