01/12/2025

Նրանց հավատի տունը, լույսի տունը հասցե ունի՝ «Ավալ թրեիդ» ՍՊԸ

Նրանց հավատի տունը, լույսի տունը հասցե ունի՝ «Ավալ թրեիդ» ՍՊԸ

«Ավալ թրեիդ» ՍՊ ընկերություն. սա Սիսիանի մի խումբ կանանց «թագավորության» հասցեն է: Այստեղ տղամարդկանց մատների վրա կարելի է հաշվել: Սակայն նրանք «եղանակ» ստեղծող չեն: Այստեղ ժամանակի տերը, «եղանակ» ստեղծողը, «խաղի կանոններ» թելադրողը կանայք են: Եվ հետաքրքիրն այն է, որ որ կանայք այստեղ գործում են հանուն Սիսիանի սկզբունքով: Իսկ դրա ամենամեծ «հուշարարը» արտադրանքի բարձր որակն է: Նրանք ամեն ճիգ գործադրում են, որ միայն ու միայն որակյալ արտադրանք թողարկեն: Նրանց թողարկած արտադրանքն իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում: Եվ պատվիրատուների ցանկն անընդհատ ընդլայնվում է: 20-30 անուն արտադրատեսակ է թողարկվում այստեղ: Տեսականին բավականին հարուստ է՝ մանկական, կանացի, տղամարդու ներքնազգեստ, նաեւ տրիկոտաժե սավաններ՝ հետաքրքիր լուծմամբ: Այս սավանները սովորական, մեր իմացած սավանների նման չեն, դրանք համարյա նման են ծածկոցների եւ  չեն «փախչում» անկողնուց:

Ժամանակակից մեքենասարքավորումների շնորհիվ կանայք կարողանում են շունչ տալ դիզայներների երեւակայությանը: Դրա համար էլ նրանց արտադրանքը միշտ պահանջարկ ունի:
Կարի այս արտադրամասում է աշխատում նաեւ Սուսաննա Մանուկյանը:

- Ամսական 70-90 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Մինչեւ երկինք գոհ եմ բոլորից: Աստված թող այս արտադրամասը ստեղծողներին շատ հաջողություն տա, երջանիկ ու առողջ լինեն, ուր էլ գնան, ինչ գործ էլ ձեռնարկեն՝ նրանց ճանապարհին միշտ կանաչ լույս վառվի:

- Լավ էլ փիլիսոփայում ես, - կողքից ասում է Նաիրուհին:

- Չեմ փիլիսոփայում, - ասում է Սուսաննան: - Ես 60 տարեկան եմ, շուտով թոշակի եմ գնալու:Թոշակ կստանամ ու կապրեմ: Բայց ես չեմ ասում՝ ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Այստեղ երիտասարդ շատ կանայք են աշխատում:  Ուզում եմ, որ նրանք  միշտ աշխատանք ունենան: Ինչի համար էլ օրհնում եմ այդ մարդկանց:

- Երկու աղջիկ ունեմ, ամուսինս էլ չի աշխատում,-ասում է Աննա Օհանյանը, - մեր ընտանիքի սոցիալական վիճակը ստիպեց գալ այստեղ: Հիմա ինչ-որ չափով մեղմացել է մեր ընտանիքի սոցիալական վիճակը՝ իմ աշխատանքի շնորհիվ:

Իսկ Ռիմա Գրիգորյանը որակի գծով հսկիչ է:

- Սիսիանցի կանայք լավ են աշխատում: Օրվա մեջ հատ ու կենտ արտադրանք ենք խոտանում: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ մանրադիտակի տակով ենք անցկացնում ամեն մի արտադրանք: Ինչու պետք է ամոթով թողնենք այս գործը նախաձեռնողներին:

Իսկ նախաձեռնողն Արմեն Գալստյանն  է: Ծագումով, արմատներով Սիսիանից է: Առհասարակ, սիսիանցի մեծահարուստներն իրենց կապը չեն կտրում հայրենի հողից: Հաճախ են գնում-գալիս, սիսիանցու դարդին դարման անում: Նրանք փող չեն բաժանում ընտանիքներին, դա   մի պահ է բարելավում  ընտանիքի սոցիալական վիճակը եւ նորից մարդիկ կանգնում են կոտրած տաշտակի առջեւ: Դրա համար էլ նրանք արմատական գործ են ձեռնարկում: Եվ ես հիշում եմ դպրոցում սովորած մի բանաստեղծության հետեւյալ տողերը՝ միրգը կերա, միրգը գնաց, իսկ իմ սիրած գիրքը մնաց: Եվ նրանք «գիրք» են ստեղծում: Արմեն Գալստյանի «գիրքն» էլ կարի այս արտադրամասն է: Նա դրանով կանանց զբաղվածության խնդիր է լուծել հայրենի Սիսիանում: Ի դեպ, նա  տրիկոտաժի նման  արտադրամաս ունի նաեւ Ռուսաստանում:

- Արմեն Գալստյանին շահույթը չի հետաքրքրում, - ասում է ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Արմեն Անդրեասյանը, - նրան պետք է, որ  Սիսիանի կանայք գործ ունենան, կարողանան հոգալ իրենց ընտանիքի հոգսեր:  Երեւի կհարցնեք՝ ինչո՞ւ հենց կանայք, որովհետեւ տղամարդիկ կարող են բանվորություն անել, իսկ կանայք... Դրա համար էլ այս արտադրամասը հիմնեց:

-  Մեզ համար աշխատանքը  կարեւոր է նաեւ այս տեսանկյունից՝ շփվում ենք իրար հետ, չենք «նեխում»  տանը, մեզ հասարակության մեջ ավելորդ չենք զգում: Ավելորդության զգացումը թունավոր օձի է նման, որ մտավ մեջդ... Աննան է ասում: Դրա համար էլ ասում եմ՝ թող երիցս օրհնվեն ռուսաստանաբնակ մեր սիսիանցիները, որ մեզ աշխատելու, մարդ զգալու  հնարավորություն են տվել:

Ժամանակակից մեքենասարքավորումներ են տեղադրվել նաեւ ձեւման արտադրամասում: Դրանք հնարավորություն են տալիս անգամ առանց մեկ միլիմետր շեղում տալու բարձրորակ ձեւվածք տալ:  Իսկ դա որակյալ արտադրանք տալու կարեւոր բաղադրիչներից մեկն է: Փաթեթավորման արտադրամասում ըստ երեեւույթին այդ պահին շատ էր աշխատանքը, որ որակի հսկիչներն անգամ ընդգրկված էին այդ գործում: Երեւի Ռուսաստանից նոր պատվեր է գալու: Արտադրամասում  որեւէ արտադրանքի վրա պիտակ չտեսա: Կարդալով հայացքս՝ փաթեթավորողներից մեկն ասում է՝ արտադրանքն ապրանքային վերջնական տեսքի է բերվում  Ռուսաստանում:

- 2013թ. հանրապետության նախագահն այցելեց մեր արտադրամաս: Եվ նա անսքող հպարտությամբ  գնաց արտադրամասից, - ասում է Արմեն Անդրեասյանը, - եւ ոչ միայն այդ,  մի քանի խնդիրներ կային: Նախագահը լուծեց դրանք: Դրա շնորհիվ ավելացավ աշխատողների թիվը:
Արմեն Անդրեասյանին Արմեն Գալստյանը գտավ: Վերջինիս հարկավոր էր այնպիսի մարդ, ով կկարողանար ֆինանսներն ու արտադրությունը ղեկավարել: Որտեղ արտադրություն, այնտեղ փող: Եվ որպեսզի այն զուլալ ջուրը, որով սնվում են սիսիանցի շատ ընտանիքներ, չպղտորվեր, հարկավոր էր անաչառ, ազնիվ մարդ: Այդպիսի որակներ նա գտավ Արմեն Անդրեասյանի մեջ:

Արմեն Անդրեասյանն ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է հարկային տեսչությունում, ունեցել է սեփական բիզնես: Եվ արդեն քանի տարի է՝ ղեկավարում է այս կոլեկտիվը:

- Մեր գործերն ավելի լավ կընթանային, եթե ռուսական ռուբլու կուրսը գոնե մի քիչ բարձրանար, եթե  Ռուսաստանը պատժամիջոցների տակ չլիներ: Չենք հուսահատվում, ժամանակի հետ այդ հարցերը կլուծվեն, հիմա կարեւորն  այն է, որ աշխատանքի ռիթմը չգցենք, որովհետեւ սիսիանցի 58 ընտանիքի հավատի տունն է մեր ընկերությունը, սիսիանցիների  համար վաղվա օրվա հանդեպ վստահությունն է այստեղ ծնվում: Նրանք կարողանում են ժամանակին աշխատավարձ ստանալ, հոգալ իրենց կոմունալ ծախսերը, մարել խանութների պարտքերը, երեխաներին դպրոց ուղարկել, - ասում է Արմեն Անդրեասյանը:

Եվ Աստծո օրհնությամբ բացվող յուրաքանչյուր օրը սիսիանցի այս 58 ընտանիքի համար դառնում է արարումի օր... Նրանց ընտանիքի լույսն  այստեղից է սկիզբ առնում:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: