01/12/2025

Կարեն Կարապետյանը՝ Սյունիքի մարզում

Կարեն Կարապետյանը՝ Սյունիքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով եւ մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման եւ ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձեւավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթեւ, Գորիս, Տեղ, Մեղրի եւ Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան եւ Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։ Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց 23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ 76.2 տոկոսը՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Դոնոր կազմակերպությունները գյուղատնտեսության ոլորտում իրականացրել են ավելի քան 2.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր ֆերմերային տնտեսություններին աջակցության, ներտնտեսային ոռոգման ցանցի եւ ջրամատակարարման համակարգի վերակառուցման նպատակով: Զեկուցվել է, որ 2017թ. հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 294,2 մլն դրամ, որի շրջանակում շինարարական աշխատանքներ են տարվում մարզի Կապան, Սիսիան, Սպանդարյան, Արավուս, Մեղրի համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են ավելի քան 24.5 մլրդ դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի մարզերի անձնագրերով ներկայացված հայտանիշերից, առաջիկայում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը եւ այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ մարզերի եւ նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջեւ առկա են ֆինանսական եւ այլ անհամաչափություններ: Կառավարության ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը եւ ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որեւէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաեւ, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետեւողական եւ ոչ համակարգված աշխատանք», - դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարեն Կարապետյանը: 

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից եւ հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաեւ բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետեւողական քայլեր կատարել եւ ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետեւողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձեւավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», - ընդգծել է գործադիրի ղեկավարը: 

Վարչապետին զեկուցվել են Սյունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, աղբահանության ոլորտներում իրավիճակի եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական եւ առողջապահական համակարգերի գործունեության եւ օպտիմալացման աշխատանքների մասին:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության կազմակերպման սակագները՝ տարբեր սուբյեկտների համար սահմանելով համապատասխան չափանիշներ: 

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ մարզում առկա է 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 2 հազար 700-ը ֆերմերային է: 43 հազար վարելահողերից մշակվում է 85 տոկոսը: Նշվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ: Արդեն իսկ քննարկվում է նման 10 հայտ: Ընթացքի մեջ է 650 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման ծրագիրը՝ նախատեսված Սիսիանի տարածաշրջանի համար: 

Կարեն Կարապետյանը կարեւորել է ծրագրի իրականացումը եւ մարզպետին հանձնարարել ներկայացնել մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով համալրելու ամբողջական ներդրումային ծրագիր: Անդրադարձ է կատարվել նաեւ ոռոգման համակարգի զարգացմանը: Վարչապետն առաջարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ մանրամասն քննարկել առկա խնդիրները  գտնել ոռոգման խնդրի կարգավորման լուծումներ: Գործադիրի ղեկավարն ավելացրել է նաեւ, որ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 7 ծրագիր, որոնց միջոցով այս ոլորտում արդյունավետությունը կտրուկ փոխվելու է: Զեկուցվել է նաեւ, որ մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ: 

Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարեւոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է եւ մթնոլորտը, եւ միջավայրը», - շեշտել է Կարեն Կարապետյանը:

 Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաեւ տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում եւ կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաեւ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին:

gov.am

29 hուլիս 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: