01/17/2025

Անանուն եւ կեղծ ստորագրությամբ նյութերի հեղեղ՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի

Անանուն եւ կեղծ ստորագրությամբ նյութերի հեղեղ՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի

«Սյունյաց երկիր» թերթի դեմ արշավը նոր փուլ է թեւակոխում:

Չկարողանալով որեւէ արդյունք արձանագրել Սյունիքի մարզպետարանի եւ Քաջարանի կոմբինատի համատեղ գործողությունների արդյունքում, չկարողանալով փոքր-ինչ անգամ խոչընդոտել թերթի բնականոն, կայուն եւ ակտիվ գործունեությանը՝ արշավի հեղինակները նոր ստորության են դիմում:

Հակերային հարձակմանը, մարզպետարանի ենթակա հիմնարկների ղեկավարներին սպառնալից մեսիջներ ուղարկելուն, էլիզաբեթյան նմուշի հարայհրոցին հաջորդել են անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերի տարածումը՝ ուղղված թերթի խմբագրի դեմ:

Հատկապես ակտիվացել է դեռեւս 2015-ին ստեղծված ֆեյսբուքյան մի էջ, որը հիմնադրման օրվանից բացառապես նյութեր է հրապարակում Սամվել Ալեքսանյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ (նյութերի անբավարարության պատճառով «հոդվածների» մեծ մասը հրապարակ է նետվում 4-րդ, 5-րդ անգամ, լույս աշխարհ են հանվում 10-15 տարի առաջ գրված նյութեր՝ դարձյալ անստորագիր):

Կեղծ լուսանկարով եւ կեղծ անուն-ազգանունով բացված ֆեյսբուքյան էջի իրական հեղինակին հայտնաբերելու պահանջով Սամվել Ալեքսանյանը սույն թվականի հուլիսի 31-ին դիմել է հանրապետության համապատասխան իրավապահ մարմիններին. արդյունքների մասին տեղյակ կպահենք թերթի ընթերցողներին:

Տեղյակ ենք պահում նաեւ, որ 2017թ. հուլիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ syuniacyerkir.am կայքը հուլիսի 10-11-ին ուղեփակելու կապակցությամբ եւ սկսվել է նախաքննություն, ինչի մասին պաշտոնապես իրազեկվել է թերթի խմբագրությունը:

Այդ բոլորով հանդերձ՝ «Սյունյաց երկիրն» ակտիվ ստեղծագործական աշխատանքով է զբաղված եւ տեղի ունեցող հերթական ակցիան գնահատում է որպես վախկոտ, ստրուկ ու սարսափահար նախիրի սովորական ջղաձգություն: Ընդ որում՝ բոլուկից ոչ մեկը չի համարձակվում դուրս գալ ասպարեզ ու առանց դիմակի հանրայնացնել իր ասելիքը, եթե իհարկե, ասելիք ունի:

Ակնհայտ է մի բան՝ ստրուկների եւ ծպտյալների նախիրը լծվել է օրվա մարզպետի կեղտոտ սպիտակեղենը լվանալու վսեմաշուք գործին:

Մի հանգամանք եւս՝ ըստ որոշ փորձագետների՝ անանուն եւ կեղծ ստորագրությամբ նյութերի սյունիքյան ներկա «հարսանիքը» հավասարը չունի ամբողջ հանրապետությունում: Այնպես որ՝ ողորմելիները փորձում են Սյունիքը կառավարելի դարձնել գոնե անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերով, բայց… 

Մենք ցավակցում ենք այդ ողորմելիներին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: