01/12/2025

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը` Աղոթարանում

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը` Աղոթարանում

Օգոստոսի 7-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, լրագրող Ալվարդ Մեսրոպյանը, Սալվարդ համայնքի ղեկավար Վարդան Մեսրոպյանի եւ պայմանագրային զինծառայող Նարեկ Մնացականյանի ընկերակցությամբ, բարձրացան Զանգեզուրի լեռնաշղթայի լեռնագագաթներից մեկը` Սիսիանի եւ Նախիջեւանի սահմանագլխին գտնվող Աղոթարան սարը (3161.8մ):

Աղոթարանը նաեւ Սալվարդ (Սարվարդ) է կոչվում:

Լեռան ստորոտում է Սալվարդ գյուղը:

Լեռան գագաթին պահպանվել է մի սրբատեղի` առանց շաղախի: Դեռեւս հեթանոսության շրջանում սրբատեղին համարվել է պտղաբերության եւ հատկապես անձրեւների առատության հովանավոր, որովհետեւ Սիսիանի տարածքի տեղումները ձեւավորվում են լեռնաշղթայի այդ հատվածում:

Ստորոտից մինչեւ գագաթ ծածկված է ալպիական արոտներով, փեշերին կան սառնորակ աղբյուրներ, սառցահամ լճեր:

Գագաթը վեղարաձեւ է, որից քիչ ներքեւ Մատաղ աղբյուրն է: Այնտեղ ուխտավորները մատաղ են արել եւ ակնկալել առատ տեղումներ ու բարեբեր տարի:

Սիսիանում հին ժամանակներում այսպիսի մի սովորույթ կար. երբ որեւէ մեկը պիտի երդվեր, երեսը պետք է դարձներ դեպի Աղոթարան ու նոր միայն խաչակնքեր` չմեղանչելու եւ ճշմարտությունն ասելու նպատակով:

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր այնտեղ է գտնվում հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից մեկը:

Վերջերս` 2017թ. հուլիսի 29-ին, լեռնագագաթին բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. դա ծագումով սալվարդեցի, ռուսաստանաբնակ Կարեն Օսիպովի նախաձեռնությունն էր:

Թերթի ներկայացուցիչները եւ համայնքի ղեկավարը հանդիպել են մարտական դիրքերում հերթապահող զինվորների, իսկ մինչ այդ` Սալվարդի բնակիչների ու Աղոթարանի փեշերին հանգրվանած յայլաղավորների հետ:

Սամվել Ալեքսանյանի եւ Ալվարդ Մեսրոպյանի հոդվածները` հաջորդաբար:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: