01/17/2025

Սահակ Համբարձումյան. «Փորձում ենք ջրօգտագործողին բացատրական աշխատանքով բերել վճարման դաշտ»

Սահակ Համբարձումյան. «Փորձում ենք ջրօգտագործողին բացատրական աշխատանքով բերել վճարման դաշտ»

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սահակ Համբարձումյանի հետ մեր նախորդ հանդիպումը փետրվար ամսին էր, երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, եւ նոր-նոր էին սկսվել ոռոգման տարեշրջանի նախապատրաստական աշխատանքները: Այժմ ոռոգման տարեշրջանի ամենաեռուն շրջանն է, ինչպես ժողովուրդն է ասում՝ երկնքից կրակ է թափվում: Գործադիր տնօրենի հետ հանդիպեցինք մարզկենտրոնում: Այսօր զանգվածային լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից է ոռոգման ջուրը, եւ մեր զրույցում արծարծվող հարցերի շրջանակը բավականին լայն էր:


- «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության կազմավորման փուլը հետեւում է մնացել, - տեղեկացրեց նա: - Նախկին մարզային ջրօգտագործողների ընկերությունները վերածվել են տեղամասերի՝ Սիսիանի, Գորիսի, Մեղրու, քանի որ ընկերության աշխատակազմը Կապանում է, այստեղ տեղամաս ունենալու շքեղություն մեզ թույլ չենք տվել:


- Մեկ անգամ եւս ընթերցողներին հիշեցնենք, թե մարզում որքան հողատարածություն է սպասարկում «Սյունիք» ՋՕԸ-ն:


- «Սյունիք» ջրօգտագործողների միությունը սպասարկում է 1510 հեկտար հողատարածություն, ունենք մոտ վեց հազար բաժանորդ, նախորդ տարվա համեմատ ոռոգելի հողատարածքները եւ բաժանորդների թիվն ավելացել են մոտ տասը տոկոսով: Ոռոգման ջուր է ստանում մարզի 48 բնակավայր:


- Մեր նախորդ մեր զրույցի ընթացքում («Սյունյաց երկիր», 24 փետրվարի 2017թ.) մտահոգություն ունեիք, թե որքանով կառավարման այս ձեւը կարդարացնի իրեն: Ձեր առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են:


- Այդ հարցին, նախեւառաջ, ջրօգտագործողները պիտի պատասխանեն, բայց կարող եմ հայտնել, որ մեր ամենօրյա գրանցումների արդյունքներով ջրամատակարարման ժամանակացույցից չենք շեղվել: Չնայած բոլորս տեսնում ենք,  թե այս օրերին ինչ աննախադեպ երաշտ է, ըստ այդմ՝ լուրջ ծախսեր եւ ներդրումներ են անհրաժեշտ, կոլեկտիվին մոբիլիզացնել է պետք: Գործն այնքանով է ստացվում նաեւ, որ եթե Սիսիանում մի բանի անհրաժեշտություն կա, Մեղրուց այդ նյութն ուղարկում ենք Սիսիան եւ հակառակը: Այնպես որ՝ ջանում ենք օպերատիվորեն տիրապետել իրավիճակին եւ գործերը կարգավորել: Իհարկե, բարդություններ կան, ինչպես նախորդ անգամ նշեցի, ժառանգել ենք ոռոգման հնացած համակարգ, որ հիմնանորոգման կարիք ունի: Գույքագրել ենք եղածը, վեր հանել թերությունները, մեր պահանջները ներկայացրել համապատասխան մարմիններին: Խնդիրները բազում են, մասնավորապես Գորիսի մայր ջրատարը կես դարի վաղեմություն ունի, համարյա սպառել է իրեն, հիմա այստեղ նորոգման լուրջ խնդիրներ ունենք: Եվ այդ նորոգումը միայն մեզնով չէ պայմանավորված, մասնագետներ պիտի գան, ճշտեն նորոգումների մասշտաբները, նաեւ պարզեն, իմաստ ունի՞ նորոգումը, թե՞ այլընտրանք փնտրել:


- Եթե չենք սխալվում, խնդրահարույց է նաեւ Սիսիանի տարածաշրջանի Սպանդարյանի ջրանցքը:


- Այդպես է, դա էլ տասնամյակներ առաջ կառուցված ջրանցք է: Նախատեսված 48 կիլոմետրի փոխարեն արդյունավետ օգտագործվում է 25-ը: Խնդրի մյուս կողմն էլ կա՝ կապված ջրօգտագործողների հետ: Ոռոգման տարեշրջանի հետ կապված՝ ասել եմ, եթե կան առաջարկներ, կարող են ներկայացնել: Մենք ամեն հնարավորն անելու ենք՝ մարդկանց ոռոգման ջրով ապահովելու համար: Այդ խնդրում մեզ ե՛ւ Սյունիքի մարզպետարանն է աջակցում, ե՛ւ ջրային տնտեսության պետական կոմիտեն: Բացի դրանից՝ պարտքերի խնդիր ունեինք, որոնց մի մասը փակվել է:


- Ի դեպ, ներկայացրեք պարտքերի պատկերը, սո՞ւր է դրված այդ խնդիրը:


- Նախկին ջրօգտագործողների ընկերություններն աշխատավարձերի որոշակի պարտքեր ունեին, հարկային պարտավորություններ եւ այլն: Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի ու ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ այսօր աշխատավարձի պարտք չունենք, որոշակի հարկային պարտավորություններ ունենք, որոնք լուծելի են:

Այսօր հասել ենք այն մակարդակին, որ, կոորդինացնելով նախկին կոլեկտիվի ուժերը, վարձավճարների հավաքման հուսադրող ցուցանիշ ունենք, սահմանված գրաֆիկով աշխատում ենք:


- Բաժանորդների շրջանում թերացողներ չկա՞ն:


- 15 տարի սպասարկման ոլորտում եմ աշխատում, ուսումնասիրել եմ մարդկանց հոգեբանությունը: Եթե մարդկանց ճիշտ ես ներկայացնում խնդիրը, նրանք գիտակցում են, որ սպասարկման համար պիտի վճարել, եթե խոսքն անգամ ոռոգման ջրի մասին է: Մենք էլ ենք պատկերացնում մարդկանց վիճակը, աննախադեպ երաշտին զուգընթաց եղանակն անակնկալներ մատուցեց՝ կարկուտի տեսքով. կարկտահարվեցին Խոտը, Խնձորեսկը, Սիսիանի տարածաշրջանի որոշ գյուղեր: Վերջերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ կառավարությունը հստակ որոշում է կայացրել տուժած տնտեսությունների ոռոգման ջրի, հողի վարձակալության վճարները փոխհատուցելու համար:


- Ոռոգման տարեշրջանում Մեղրիում են խնդիրներ լինում, որտեղ ոռոգման մի մասն իրականացվում է մեխանիկական եղանակով՝ պոմպերի միջոցով. ինչպիսի՞նն է այժմ վիճակն այնտեղ:


- Մինչեւ Մեղրուն անդրադառնալն ասեմ, որ նախ ոռոգման ջրի պակասություն արձանագրվեց Սիսիանում, ավելի ստույգ՝ Բռնակոթում: Հարցն օպերատիվորեն լուծեցինք՝ մեխանիկական եղանակով ջուր մատակարարեցինք, պոմպակայանն աշխատեց: Նույնը՝ Գորիսում, որտեղ նախատեսված գրաֆիկից տասը օր առաջ սկսեցինք պոմպակայաններ աշխատեցնել՝ իհարկե, այդ ամենը համաձայնեցնելով վերադասի հետ, քանզի ունենալու ենք էլեկտրաէներգիայի որոշակի գերածախս, բայց չենք կարող անտեսել մեր բաժանորդների շահերը: Նույն խնդիրն առաջացել է Մեղրիում: Այսօր (օգոստոսի 3-ին, խմբ.) հրահանգ եմ տվել Ալվանքում, Շվանիձորում, Նռնաձորում անցնել ոռոգման ջրի մեխանիկական սպասարկման, քանի որ այդ բնակավայրերում ինքնահոս եղանակով ջուր հնարավոր չէ մատակարարել:


- Մեղրիում վերջերս ներդրվել է ոռոգման ջրի մատակարարման ինքնահոս եղանակը, մանավանդ դեպի Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքները. նորմալ աշխատե՞ց համակարգը:


- Միանշանակ: Անցած տարվա արդյունքներով ոռոգման ջրի ինքնահոս մատակարարման ձախ թեւի (Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր) աշխատելով մենք տնտեսեցինք 60 միլիոն դրամ էլեկտրաէներգիա: Մենք ծրագիր ունենք, որ նաեւ քննարկված է ջրային տնտեսության պետական կոմիտեում. ձախ թեւի 18 պոմպակայանի փոխարեն օգտագործել աջ թեւում գտնվող երկու պոմպակայան՝ սակավաջրության դեպքում:


- Ոռոգման ջրի ներքին ցանցը խախուտ է, սա ասում են ջրօգտագործողները, դա լուրջ խնդիր է, ջուր շատ է կորչում, որքա՞ն են Ձեր կորուստները:


- Մեր կորուստները 25-30 տոկոսի սահմաններում են, բացի Գորիսի տարածաշրջանից, որտեղ առկա են 40-42 տոկոսի թույլատրելի կորուստներ՝ կապված ջրատարի, ներքին ցանցի անմխիթար վիճակի հետ: Բնական է նաեւ, որ Սիսիանի տարածաշրջանում կորուստներ շատ պիտի լինեն, որովհետեւ 600 կմ ներքին ցանցում ընդամենը ոռոգման ջրի 30 տոկոսն է հոսում խողովակաշարի միջով: Ինչ վերաբերում է ներքին ցանցին, ապա շատ տեղերում այն կառուցվել է առանց ջրօգտագործողների ընկերությունների հետ համաձայնեցնելու: Դրանք շահագործելուց հետո լուրջ խնդիրներ են առաջացել. կոմպլեկտավորել, կոլեկտորներ տեղադրել եւ այլն:


- Ձեր բացատրությունները լսելով՝ կարելի է պատկերացնել, որ նախ շատ մտահոգիչ խնդիր է մայր առուների եւ ներքին ցանցի անմխիթար վիճակը:


- Այդպես է, բայց նաեւ չօգտագործված ռեզերվներից են կաթիլային ոռոգումը, գիշերային ոռոգումը: Առաջին դեպքում բույսն ավելի ինտենսիվ է սնվում, երկրորդ դեպքում գիշերն առուն ավելի ջրառատ է լինում: Պիտի ասեմ, որ ջրային ռեսուրսների զարգացման հետաքրքիր պոտենցիալ ունենք, հիմա մենք աշխատում ենք պետության հատկացրած սուբսիդիայով, մի քանի օրենսդրական խնդիրների լուծումից եւ որոշակի ներդրումներից հետո Սյունիքում կարող են վեց-յոթ տարի հետո առանց սուբսիդիայի աշխատել՝ ինքնածախսածածկմամբ:


- Ոռոգման ջրի վարձավճարներին անդրադառնանք: Ասում եք՝ վեց հազար ջրօգտագործող ունեք: Մի ամսվա արդյունքները ներկայացրեք. քանի՞սն են մարել ոռոգման ջրի վարձավճարը:


- Մի ամսվա կտրվածքով՝ վեց հազարից չորս հարյուրը վճարել է: Ոռոգման ջրի սակագինը մնացել է նույնը՝ մեկ խորանարդ մետրը՝ 11 դրամ, բացառությամբ Մեղրու տարածաշրջանի, որտեղ պետությունը ոռոգման ջրի սակագնի կեսը սուբսիդավորում է:


- Շատ բարի, հետաքրքիր է իմանալ, թե սուբսիդիան քանի՞ տոկոս է կազմում Ձեր ծախսերի մեջ, եւ քանի՞ տոկոս են կազմում սեփական եկամուտները:


- Սուբսիդիան կազմում է 75 տոկոս, մյուս 25 տոկոսն ինքնածախսածածկումն է:


- Ներկայացրեք «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության «թիմը»:


- Ընկերության թիմը ժամանակավոր աշխատողների հետ բաղկացած է 130 հոգուց: Նախկին տարածաշրջանային ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները մնացել են որպես տեղամասերի պետեր, բացառությամբ «Ղափան» ՋՕ ընկերության նախկին նախագահ Օնիկ Աթայանի, ով իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նախկին ջրօգտագործողների ընկերությունների նվիրված մարդկանց պահել ենք, անմտություն կլիներ նրանցից հրաժարվելը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել կոլեկտիվի մարդկանց, որովհետեւ մեր հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է: Միաժամանակ ուզում եմ երախտագիտությունս հայտնել ջրային տնտեսության պետական կոմիտեին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, որոնք, տեղյակ լինելով մեր դժվարություններին, փորձում են հնարավորինս նեցուկ լինել:


- Իսկ ի՞նչ սանկցիաներ եք կիրառում, եթե ջրօգտագործողների ընկերության անդամն ամիսներ ի վեր ոռոգման ջրի վարձավճարը չի մուծում:


- Սյունեցիները հիմնականում պարկեշտ, օրինապահ մարդիկ են: Իսկ նրանց, ովքեր պարտաճանաչ չեն ոռոգման ջրի վճարները մուծելու խնդրում, ձգտում ենք բացատրական աշխատանքով բերել հարկման դաշտ: Պատժելը մեր աշխատաոճը չէ: Ենթադրենք՝ ջուրը կտրեցինք, ծառը չորացավ, ո՞ւմ ենք վնասում: Սերունդներին ենք պատժում: Իսկ ավելի մարդկային եւ տրամաբանական չէ՞ համոզելով, բացատրելով ջրօգտագործողին բերել վճարման դաշտ: Սա է մեր հիմնական նպատակն ու ամենօրյա աշխատանքը:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: