01/12/2025

Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

Կյանքի 79-րդ տարում մահկանացուն կնքեց նշանավոր դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակախոս, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանը:


Ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), 1948թ. հայրենադարձել է: Ավարտել է Երեւանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում, 1965-1968թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975թթ.՝ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986թթ.՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը, 1991-1992թթ.՝ ՀՀ մշակույթի առաջին նախարարը:


Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում: Ներկայումս նրա «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսը բեմադրվում է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը», «Մեծ լռություն», «Կա՛նգ առ, երկրագո՛ւնդ» պիեսները՝ Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն:


Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ:


2007թ. Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաեւ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումներին: 2013թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: 2016թ. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության եւ մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Պատվո շքանշանով:


Պերճ Զեյթունցյանը 2005թ. հետաքրքիր ու յուրօրինակ հարցազրույց է տվել «Սյունյաց երկրին», որը թողարկվել է 2005թ. նոյեմբերի 22-ի N39-40 համարում՝ Արմինե Ավագյանի «Անկախությունն ինքը մեղք չունի այսօրվա վիճակի համար» վերտառությամբ հոդվածում:


«Սյունյաց երկիր» թերթը նույնպես միանում է այս օրերին հնչած բոլոր ցավակցական հեռագրերին, կիսում հայ ժողովրդի համար կորստյան մեծ ցավը, մաղթում նրա ընտանիքին ու հարազատներին ոգու ամրություն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: