01/17/2025

Հրդեհ՝ ականապատված տարածքում

Հրդեհ՝ ականապատված տարածքում

Ամառվա վերջին օրերին հրդեհներ արձանագրվեցին նաեւ Սյունիքի մարզում:

Օգոստոսի 24-ին «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը եղավ անտառային հրդեհներից մեկի տարածքում: Դա Չայզամիի հարակից գոտին է, որն «Արցախանտառ»-ին պատկանող տարածք է:

Բայց քանի որ Քաշաթաղի վարչական շրջանից, ժամանակի առումով, հրշեջ տեխնիկայի՝ հրդեհի վայր տեղափոխելն անիմաստ կլիներ, դեպքի վայր էր ժամանել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ՝ հրամանատար Սամվել Մուսախանյանի գլխավորությամբ:

Մոտ ութ հեկտար անտառային տարածքի առանձնահատկությունն այն էր, որ տարածքն ականապատ էր, ինչը խիստ ռիսկային եւ վտանգավոր էր դարձնում հրդեհաշիջման աշխատանքը:

- Մենք չենք կարողանում լրիվ հզորությամբ աշխատել, քանի որ տարածքն ականապատ է եւ ամենափոքր անզգուշությունն անգամ կարող է փրկարարների կյանքը խլել, - ասաց Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Սամվել Մուսախանյանը:

Այդ բոլորով հանդերձ՝ փրկարարական ջոկատի խելամիտ աշխատանքի՝ մոտ յոթ ժամ տեւած համառ պայքարի շնորհիվ հրդեհաշիջման աշխատանքը ժամը 21-ի սահմաններում ավարտին հասցվեց:

Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ժամը 19-ի սահմաններում, Գորիսի հրշեջ փրկարարները հանձնարարություն էին ստացել մեկնել Կապանի տարածաշրջան՝ Խուստուփի փեշերին՝ մոտ տասը հեկտար տարածքի վրա բռնկված հրդեհը մարելու աշխատանքերում կապանցի հրշեջներին օգնելու համար:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: