01/12/2025

Լեւոն Մկրտչյանը եւս մեկ անգամ կարեւորել է ուսուցչի դերը

Լեւոն Մկրտչյանը եւս մեկ անգամ կարեւորել է ուսուցչի դերը

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձեւակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երեւում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով», - նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով բարեփոխումների իրականացման կառուցվածքը՝ նախարարն այդ գործում առանձնահատուկ կարևորել է ուսուցչի դերը՝ շեշտելով. «Ներկայացնելով «Ուսուցիչ» նախաձեռնությունը` քարոզչության ցանկություն չունենք, այլ պարզապես ուզում ենք դիմել կրթության ոլորտի կարեւորագույն հատվածին` ուսուցչությանը, ովքեր անկախության առաջին իսկ օրվանից առանց պատշաճ վարձատրության, առաքելության գիտակցումով կատարում են իրենց պարտականությունը: Ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը եւ կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը», - ավելացրել է Լեւոն Մկրտչյանը` կոչ անելով ուսուցչությանը` բովանդակային քննարկումների ժամանակ ակտիվություն ցուցաբերել, խոսքից անցնել գործի եւ գործնական ծրագիր ներկայացնել: Անդրադառնալով ուսուցիչների տարակարգերի, դպրոցների ընտրության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է. «Անշուշտ, ուսուցիչ ասելով` ես, իհարկե, նաև տնօրենին նկատի ունեմ: Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը  հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն: Մենք պետք է կարողանանք դպրոցական համակարգը դարձնել բոլորի հոգածության առարկան, իսկ դա պետք է սկսել ուսուցչից»:

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը եղել է նաեւ Գորիսի պետական համալսարանում, ծանոթացել իրականացվող կրթական ծրագրերին եւ բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: Նախարարը հանդիպում է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, պատասխանել նրանց հուզող բալոր հարցերին:

2017-08-29
edu.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: