01/12/2025

Կրթության վարչության պետի ոդիսականը եւ հայտնի պչրուհիների զորահանդեսը

Կրթության վարչության պետի ոդիսականը եւ հայտնի պչրուհիների զորահանդեսը

Շուտով երկու ամիս է, ինչ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը թափուր է:

Վարչության վերջին ղեկավարը վաստակաշատ Հովիկ Ալեքսանյանն էր, ով աշխատանքից ազատվեց անձնական դիմումի համաձայն (համենայն դեպս ինքն այդպես է ներկայացնում իր պաշտոնանկությունը, թող այդպես էլ ներկայացնի):

Եվ նոր ուսումնական տարվա նախապատրաստության ամենաբուռն շրջանում մարզպետարանի կրթության վարչությունը ղեկավար չունեցավ:

Բայց վարչությունում կա նաեւ կրթության բաժին, որը վարում է Հայկ Հարությունյանը, ով էլ, ըստ էության, ժամանակավորապես փոխարինում է վարչության պետին: Նա էլ, պարզվում է, կրթության գործերին առնչվում է այնքանով, որքանով… Ու այնքա՜ն ձեւական է երիտասարդի կարգավիճակը, որ մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում խոսք ասելու իրավունք չստացավ:
Ասել է թե՝ ամփոփվեց մարզի հանրակրթական դպրոցների մեկ տարվա գործունեությունը, նախանշվեցին գալիք տարվա անելիքները, բայց առանց այդ ոլորտի պատասխանատու օղակի՝ առանց կրթության վարչության:

Կարելի է պատկերացնել, թե ինչի կվերածվեր այդ ժողովը, եթե ներկա չլիներ կրթության եւ գիտության պատկառազդու նախարար Լեւոն Մկրտչյանը:

Չլինի՞ թե կրթության վարչությունն այնքան էլ կապ չունի հանրակրթական դպրոցների գործունեության հետ, չէ՞ որ դպրոցը ՊՈԱԿ է, իսկ տնօրենը՝ լայն լիազորություններով օժտված պաշտոնյա, կրթական քաղաքականությունն էլ նախարարությունն է մշակում…

Եթե նույնիսկ այդպես է, ապա որեւէ ողջամիտ բացատրություն չունի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնը տեւական ժամանակ թափուր թողնելը:

Ի՞նչ է ստացվում. վարչության պետի պաշտոնը թափուր է, այդ պաշտոնի համար ունենք արժանավոր կադրեր (նկատի չունենք ինքնագովազդով տառապող կիսագրագետ պչրուհիներին), բայց նշանակում չի կատարվում:

Ըստ մարզպետարանի մեր աղբյուրների՝ դրա համար մի քանի պատճառ կա:

Նախ՝ ինքը՝ մարզպետը, լուրջ չի վերաբերվում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ տեղակալ, աշխատակազմի վարիչ, վարչության պետ, բաժնի պետ… Այսինքն՝ որեւէ վարչության պետի լինելը կամ չլինելը գործնական առումով զրո նշանակություն ունի:

Մյուս կողմից՝ ոչ բոլոր արժանավոր կադրերն են ցանկանում աշխատել Վահե Հակոբյանի հետ: Ոմանք նրան ժամանակավոր ֆիգուր են համարում, մյուսներն էլ պնդում են, թե կրթության վարչության պետն իրականում կրթական գործի հետ կապ չունի, քանի որ այդ գործը համակարգում է մայրաքաղաքցի մի աղջիկ, եթե, իհարկե, խելքը զորում է:

Կա նաեւ երրորդ պատճառը. ինքը տեղացի կադրերին տանել չի կարողանում: Եվ միգուցե հարմար պահի է սպասում (վերջին ամիսների դիմակազերծումից հետո), որ նորից իր մերձավորներին բերի Երեւանից:

Շրջանառվում է այլ կարծիք եւս. իբր ծտի խելքով ինչ-որ պչրուհու խոստացել է վարչության պետ նշանակել, բայց հանրային կարծիքից վախենում է, ինչի համար էլ տիկինն այլեւս արտասվելով է ելնում մարզպետի երջանկավետ աշխատասենյակից: Իբր հենց նրան կանաչ ճանապարհ տալու համար են Հովիկ Ալեքսանյանին Սիսիան ուղարկել:

Այդ ամենը, սակայն, թույլ չի տալիս եզրակացնել, որ մարզի հանրակրթական դպրոցները խնդրի առաջ են կանգնած կրթության վարչությունում ստեղծված վիճակի պատճառով: Ընդհակառակը՝ որքան մարզպետարանը քիչ միջամտի հանրակրթական դպրոցների գործունեությանը, այնքան արդյունավետ կլինի երեխաների ուսուցման եւ դաստիարակության գործը:

Այնպես որ՝ կարելի է նույնիսկ Գորիսի հայտնի բանսարկու տիկնոջը բերել վարչության պետ. նրան էլ ընտրությունների ժամանակ են խոստացել:

Կրթության վարչության պետի ոդիսականը վերը նշվածից զատ, մեկ այլ բան է նախեւառաջ վերահաստատում՝ Վահե Հակոբյանը հաջողությամբ տապալել է մարզպետարանի կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գործը:

Տեսեք՝ ամիսներ առաջ նախաձեռնեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի հաստիքի կրճատումը: Վերջինս, ի դեպ, մարզպետարանի ամենաինտելեկտուալ կադրերից էր՝ մարզպետից բոլոր առումներով հազար անգամ բարձր ու առաքինի: Նույն ժամանակ հանրապետության մեկ այլ մարզում փոխմարզպետի հաստիք ավելացրին:

Կրճատվեց (առանց հիմնավորումների) մարզպետարանի՝ մեր օրերում ամենապահանջված բաժինը՝ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը՝ տեղն առաջացնելով հսկայական մի ամայավայր: Մարզում ճանաչված լրագրող Արմինե Օհանջանյանը, ով այդ բաժնի ղեկավարն էր, դուրս մղվեց մարզպետարանից՝ տեղը զիջելով հայտնի մայրաքաղաքցուն:

Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական մարզ Սյունիքում գյուղվարչության ղեկավարը (գործող մարզպետի կողմից Սամվել Թանգյանի փոխարեն նշանակված) տասը ամիս շարունակ պաշտոնակատարի կարգավիճակում է (ասում են՝ գիտությունների թեկնածու Գագիկ Խաչատրյանը մի անգամ համարձակվել է ինչ-որ առիթով սեփական կարծիք հայտնել, թեեւ՝ կիսատ-պռատ):

Թափուր է մարզպետարանի քարտուղարության պետի պաշտոնը…

….Հոկտեմբերի առաջին օրերին լրանում է Վահե Հակոբյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ առիթով, անշուշտ, անդրադարձներ ու ամփոփումներ կլինեն: Սակայն վաղուց արդեն արձանագրվում եւ ի ցույց է դրվում մի «նվաճում». նա կարողացավ մարզպետական իր պորփյուրի եւ Քաջարանի լեռնագործների ազնիվ աշխատանքի միջոցով տարածքային կառավարման սյունիքյան կառույցը ծածկել անլրջության եւ անպետքության քողով:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի դեռ մարզպետի համար Սյունիքը թշնամական տարածք է, ինչ-որ ուժերի կողմից օկուպացված եւ իրեն վստահված տարածք, որտեղ գրեթե բոլորը կասկածելի են ու անվստահելի…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: