01/18/2025

Ինքը ոստիկանապետ, Գասպարյանը ՊՆ նախարար, Վիգեն Սարգսյանը նախագահ, Սերժ Սարգսյանն էլ վարչապետ. մարզպետը օդից կամ օդերում

Ինքը ոստիկանապետ, Գասպարյանը ՊՆ նախարար, Վիգեն Սարգսյանը նախագահ, Սերժ Սարգսյանն էլ վարչապետ. մարզպետը օդից կամ օդերում

Օրերս «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն ուշագրավ հարցում է կազմել, որում տեղ գտած հարցադրումների հասցեատերը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետը գրեթե միշտ շրջում է երկու ավտոմեքենայով, որոնցից մեկը փաստացի նրա թիկնազորն է, ուստի՝ հոդվածագիրը,  հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, խնդրում է պարզաբանել ստորեւ նշված հարցերը եւ այդ մասին տրամադրել տեղեկատվություն:

1. Ի՞նչ վտանգ է սպառնում Ձեզ, որ, ի տարբերություն բազմաթիվ նախարարների եւ Սյունիքի բազմաթիվ նախկին մարզպետների, անհրաժեշտություն է առաջացել շրջել թիկնազորով:

2. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ Ձեզ տրամադրվել է հատուկ պետական պահպանություն, եթե այո, ապա ի՞նչ ժամկետով եւ ո՞ր հանգամանքների հետ կապված:
Խնդրում ենք տրամադրել նաեւ համապատասխան իրավական ակտի պատճենը:

3. Եթե Ձեզ չի տրամադրվել հատուկ պետական պահպանություն, ապա խնդրում ենք պարզաբանել՝ ի՞նչ գումարներից են վճարվում Ձեր թիկնազորի ծախսերը, ներառյալ ավտոմեքենայի, վառելիքի եւ անձնակազմի աշխատավարձի ծախսերը:

4. Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք թիկնազորը շարունակում է Ձեզ ուղեկցել նաեւ այն ժամանակ, երբ այցելում եք Երևան, թե՞ թիկնազորն անհրաժեշտ է միայն Սյունիքի մարզում:

Ի թիվս այլ հարցերի՝ Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվել է, թե ո՞րքան է կազմում մարզպետի կողմից ուղղաթիռով Կապան եւ ԼՂՀ ճամփորդելու, ուղղաթիռն ամբողջ օրով Կապանում ենթադրաբար պահելու եւ վերադարձի գինը, ո՞վ եւ ի՞նչ աղբյուրներից է վճարում նշված ուղևորություննեի գումարը, ինչո՞վ է պայմանավորված հենց ուղղաթիռով ճամփորդելու անհրաժեշտությունը:

Նշված հարցերի պատասխաններին մենք անշուշտ կանդրադառնանք, եթե իհարկե դրանք տրվեն: Միաժամանակ տեղեկացնենք՝ Սյունիքում մարզպետի մասին կատակում են, թե վախերի պատճառով նա օդերով է ման գալիս, այսինքն ուղղաթիռներով, իսկ ցամաքային ճանապարհներից, չգիտես ինչու, խուսափում է:

Ի դեպ՝ Վահե Հակոբյանն այս օրերին ինքնատիպ նշանակումներ է իրականացրել՝ իր մտերիմներին ներկայացնելով ապագա քաղաքական քարտեզը: NewsBook-ի տեղեկություններով՝ համաձայն նրա կողմից շրջանառության մեջ դրվող տեղեկությունների՝ ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Գործող ոստիկանապետին չնեղացնելու եւ նրա յուրայինների հետ ընկերություն անելու գաղափարը չվտանգելու համար Վահե Հակոբյանը Վլադիմիր Գասպարյանին վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Վիգեն Սարգսյանն էլ, ըստ Հակոբյանի, լինելու է ՀՀ նախագահը, իսկ Սերժ Սարգյանը՝ ՀՀ վարչապետը:

newsbook.am
26 օգոստոսի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: