01/12/2025

Կարեն Կարապետյան. «Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի»

Կարեն Կարապետյան. «Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի»

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի եւ սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:


Խոսելով 2012-2016 թվականների ընթացքում ձեւավորված պարտքի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռեւս մայիսին տրվել էր հանձնարարական, որ կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռեւս պարտքեր ունեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն:


«Դեռեւս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչեւ չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար», - ասաց գյուղատնտեսության նախարարը:


Վարչապետի դիտարկմամբ՝ 2017թ.-ին այս առումով պարտք չի եղել եւ նշեց, որ այս տարի սուբսիդավորման մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել:


«Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում եւ մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը», - հայտնեց նա:


Վարչապետը հանձնարարեց մարզպետներին՝ մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել, որն էլ նախարարությունն էլ մեկ ամսում պետք է ամփոփի:


Բացի այդ, Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ:


«Այսուհետ շատ կոշտ կարգագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ», - ասաց նա:


Խնդրի շրջանակներում վարչապետը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»:


Արձագանքելով ասվածին՝ Դավիթ Լոքյանը նշեց, որ պարզապես կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը եւ այլն, եւ նրանցից ոմանք օրինակ ՀՀ-ում չեն, եւ խնդիրը հենց սա է:

«12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսն այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել», - ասաց նա:


Ի պատասխան ասվածին վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞, իսկ նախարարը դրական պատասխանեց:


«Գյուղապետերի մեծ մասը կա՞ն», - շարունակեց հարցադրումները վարչապետը եւ Դավիթ Լոքյանը կրկին դրական պատասխան տվեց, որից հետո վարչապետն ասաց. «Դե ֆսյո գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը։ Նայեք, որ նկարչություն չլինի»:

tert.am
14 սեպտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: