01/12/2025

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին. հարցում

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին. հարցում

Մեծարգո՛ պարոն նախարար


Հրապարակայնությունն ու բացախոսությունը դարձել են մեր նոր պետության ամենագնահատելի նվաճումներից մեկը, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության առաջընթացի գրավականներից է:


Այդ առումով հասել ենք մի հանգրվան, երբ հանրությունն իրազեկվում է այնպիսի հարցերի վերաբերյալ նույնիսկ, թե երբ արձակուրդ գնացին երկրի նախագահը, վարչապետը, այս կամ այն նախարարը, որտե՞ղ են նրանք անցկացրել արձակուրդը, հակառակ պարագայում իրավիճակը համարվում է արտառոց եւ տարբեր հարթակներից շատ տեղին հարցեր են հնչում՝ տարակույսներով լեցուն:


Թեեւ Սյունիքում հիմա այնքան էլ ընդունված չեն կամ այնքան էլ հարգի չեն հրապարակայնության ու բացախոսության հանրահայտ սկզբունքները, բայց հանրությունը չի դադարում հետաքրքրվել տեղական ու տարածքային իշխանների վարքուբարքով:


Հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկն առնչվում է Սյունիքի մարզպետի արձակուրդին:
Պաշտոնավարման մոտ մեկ տարում հինգ-վեց անգամ տեւական ժամանակով նա բացակայել է աշխատանքից, որը ներկայացվել է որպես արձակուրդ:


Ամենատեւական արձակուրդը 2017թ. մարտ ամսին էր. մոտ մեկ ամիս աշխատանքի չեկավ՝ իբրեւ պատգամավորի թեկնածու ԱԺ ընտրություններին նախապատրաստվելու պատրվակով:


Ընտրություններից հետո էլ մոտ մեկ ամիս դարձյալ աշխատանքի չհաճախեց (բացառությամբ երկու-երեք օրվա)՝ ասում են՝ արձակուրդում էր:


Ընտրություններից առաջ էլ մեկ-երկու անգամ տեւական ժամանակ բացակայել է՝ իբր արձակուրդում է գտնվել:


Հուլիսի վերջից մինչեւ օգոստոսի 16-ը մարզպետը նորից չկար, ասացին՝ արձակուրդում է:


Սեպտեմբերի 25-ից սկսած դարձյալ չկա, ասում են՝ Իսպանիայի իր ռանչոյում հանգստանում է:


Կարծում ենք՝ արժե հարգել Սյունիքի հանրությանը եւ մարզի հարկատուներին ու մեկ անգամ գոնե պարզաբանել այդ հարցը:


Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի պահանջները, խնդրում ենք «Սյունյաց երկիր» թերթին  տրամադրել տեղեկություններ այն մասին, թե վերջին մեկ տարում քանի՞  անգամ, ե՞րբ եւ որքա՞ն ժամանակով է Սյունիքի մարզպետը մեկնել արձակուրդ, իսկ եթե նշված ժամկետներում արձակուրդում չի գտնվել, ապա որտե՞ղ է եղել:


Խնդրում ենք միաժամանակ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե աշխատանքային ի՞նչ ռեժիմով է աշխատում Սյունիքի մարզպետը:


Ուզում ենք նաեւ իմանալ՝ ո՞վ է Վահե Հակոբյանի բացակայության ժամանակ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները՝ Վարդան Դավթյան տեղակա՞լը, աշխատակազմի ղեկավա՞րը, թե՞  Միլենա անունով աղջիկը:


Պարո՛ն նախարար


Սյունիքյան հանրության մեջ Դուք վայելում եք մեծ հարգանք եւ հեղինակություն, ինչ-որ առումով համեստության, պարկեշտության, նաեւ օրինապահության տիպար եք:


Ուստի եւ ակնկալում ենք, որ հարգանքով կվերաբերվեք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին եւ սահմանված ժամկետում կպատասխանեք մեզ հետաքրքրող հարցերին: Այլապես ստիպված կլինենք մնալ կարծիքին, որ գործ ունենք Սյունիքի մարզպետի կողմից պարբերաբար թույլ տրվող դասալքության եւ գործալքության դեպքերի հետ:


Հաշվի առնելով բարձրացված հարցերի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ սույն հարցումը թղթային տարբերակով՝ փոստով, Ձեզ ուղարկելուց բացի, հրապարակում ենք նաեւ syuniacyerkir.am կայքէջում:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան   
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
27 սեպտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: