01/18/2025

Երիտասարդության ռազմավարության մշակման ճանապարհին

Երիտասարդության ռազմավարության մշակման ճանապարհին

Սեպտեմբերի 28-ին «Ոսկե Կապան» համալիրի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդական ռազմավարության մշակման ճանապարհին» հանդիպում-քննարկում, որ նախաձեռնել էր «Վորլդ վիժն Հայաստանի» Սյունիքի զարգացման ծրագիրը:

Միջոցառմանը մասնակցում էին երիտասարդներ Կապանից եւ Սիսիանից, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Կապանի ավագանու անդամներ, մանկավարժներ: Կազմակերպության՝ Սյունիքի մարզի երիտասարդական ծրագրի համակարգող Լուսինե Սարուխանյանը ներկաներին տեղեկացրեց, որ ստեղծվել  են շահերի պաշտպանների խմբեր, ովքեր հարցումներ են իրականացրել 16-30 տարեկան երիտասարդների շրջանում, որի նպատակն է երիտասարդության ռազմավարություն մշակել կոնկրետ քաղաքների համար, ավելի ստույգ՝ տեղայնացնել երիտասարդության համար մշակված ռազմավարությունը՝ հիմք ընդունելով պետական երիտասարդական հիմնական ռազմավարության ուղղությունները: Հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է տասը ֆոկուս-խմբային քննարկում 100 երիտասարդի հետ, որոնց թեմաներն էին՝ մասնակցություն քաղաքական գործընթացներին, ներգրավվածություն շարունակական կրթության մեջ, զբաղվածություն, մասնակցություն մշակութային կյանքին եւ առողջ ապրելակերպ:


Սյունիքի մարզի Կապան եւ Սիսիան քաղաքների շահերի պաշտպանների խմբերի կողմից կատարած հետազոտությունների արդյունքները թվերով եւ փաստերով ներկայացրեց Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանը: Դրանից հետո ծավալվեց մտքերի փոխանակություն. շահերի պաշտպանների խմբերի անդամներն իրենց կարծիքները բարձրաձայնեցին երիտասարդությանը հուզող այս կամ այն հիմնախնդրի առնչությամբ: Միջոցառման երկրորդ հատվածում, ըստ ռազմավարական ուղղությունների խմբերի բաժանված, քննարկվեցին մարզում առկա կարիքները եւ սահմանեցին հիմնախնդիրների առաջնահերթությունները, իսկ վերջում ամփոփեցին հանդիպման արդյունքները:


Հանդիպում-քննարկմանը մասնակցում էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայարպետյանը, ով իր նկատառումները հայտնեց խնդրո առարկայի առնչությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: