01/18/2025

Ֆուտզալի հանրապետության առաջնությանը կմասնակցի «Կապանը»

Ֆուտզալի հանրապետության առաջնությանը կմասնակցի «Կապանը»

Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց ֆուտզալի հանրապետության առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցում է մարզկենտրոնի «Կապան» թիմը (մարզիչներ՝ Ժան Մովսիսյան, Մհեր Եգանյան): «Կապանը» մեկնարկային տուրում սեփական հարկի տակ՝ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադահլիճում, հանդիպեց Շիրակի պետական համալսարանի թիմի հետ:


Մինչ խաղը սկսելը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մարզական հաջողություններ մաղթեց մրցող կողմերին: Հանդիպումը հաճելի լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին: Առաջին խաղակեսն ավարտվեց կապանցիների բացահայտ առավելությամբ՝ 5:1: Երկրորդ խաղակեսում շիրակցիները կարողացան կրճատել հաշիվը՝ գնդակների տարբերությունը հասցնելով երկուսի՝ 6:4, բայց խաղավարտին «Կապանը» կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը՝ 9:6:


Ֆուտզալում խաղն անցկացվում է երկու խաղակեսով՝ յուրաքանչյուրը 20 րոպե ժամանակով, հաշվի է առնվում մաքուր խաղաժամանակը (երբ գնդակը խաղի մեջ չի լինում, կանգնեցվում է ժամանակը): Հանրապետության առաջնությանը մասնակցում է ութ թիմ, մրցաշարն անցկացվելու է երեք խաղաշրջանով, որից հետո լավագույնը ճանաչված չորս թիմերն օլիմպիական սկզբունքով որոշելու են հաղթողին:


Մնում է ավելացնել, որ մարզկենտրոնի «Կապան» թիմը համալրված է միայն տեղացի ֆուտբոլիստներով, ովքեր մարզադահլիճում խաղալու փորձ ունեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: