01/18/2025

Թատերաշրջանը մեկնարկեց

Թատերաշրջանը մեկնարկեց

Հոկտեմբերի 2-ին բացվեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 82-րդ թատերաշրջանը: Հանդիսականի դատին ներկայացվեց իտալացի հայտնի դրամատուրգ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ամուսնություն իտալական ձեւով» մեկ գործողությամբ լիրիկական կատակերգությունը: Այն բեմադրել եւ երաժշտական ձեւավորումն իրականացրել էր ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, գլխավոր դերերում՝ Արտավազդ Գրիգորյան, Գայանե Վարդիկյան:


Հայաստանի թատրոնների բեմերում հաճախակի է բեմադրվել այս ներկայացումը: «Աշխատել ենք՝ որքան հնարավոր է նորովի մոտենալ, նորովի մեկնաբանել, ձգտել ենք գտնել նյութը մատուցելու գեղագիտական նոր ուղղություն: Ինձ համար հետաքրքիր էր Ֆիլումենա Մարտուրանոյի ներքին աշխարհի բացահայտումը, կին, ով ճակատագրի բերումով կապվել է մեկի հետ, երազում է ընտանիք կազմել: Իրավիճակը կոմիկական է, կին, ով ունի երեք երեխա, ունի ամուսին, բայց ոչ մեկն իրենը չեն: Պիեսի վերջում հաջողվում է իրականացնել իր ցանկությունը, իր երեք զավակներին եւ ամուսնուն հավաքել մի տանիքի տակ», - առաջնախաղից առաջ «Սյունյաց երկրին» ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:


Սա նրա չորրորդ ներկայացումն է կապանյան բեմում: Հովհաննիսյանը կապանյան թատերական կյանքին կապված է անցյալ դարի 80-ական թվականներից: 1986-1989թթ. աշխատել է Կապանի պետթատրոնում: Իր ասելով՝ դերասանական առաջին մկրտությունը ստացել է Կապանի բեմում. մինչ այդ՝ ավարտել էր Գյումրու թատերական ստուդիան, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Կապանի պետթատրոնում նրա բեմելը եղել է «Սպանված աղավնի» ներկայացման ժամանակ՝ Գարեգին Սիսակյանի դերում:

Բեմադրության ավարտին Կապանի արվեստի մանկական դպրոցի՝ ներկայացմանը մասնակցած չորս սանի հանձնվեց շնորհակալագիր:


Մնում է ավելացնել, որ տարիներ առաջ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել էր Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ցիլինդրը» ներկայացումը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: