01/13/2025

Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օրն է. շնորհավորում եմ

Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օրն է. շնորհավորում եմ

Պարբերական մամուլի աշխատողների մասնագիտական տոնի առիթով շնորհավորում եմ լրագրողի դժվարին գործն ուսած իմ բոլոր գրչընկերներին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ դժվարությունների հաղթահարում:


223 տարի առաջ էր, երբ սկզբնավորվեց հայ պարբերական մամուլը:


Առաջինն «Ազդարար» թերթն էր, որ հիմնադրվեց Հնդկաստանի Մադրաս քաղաքում եւ գործեց 1794-96 թվականներին՝ ժամանակի նշանավոր լուսավորիչ եւ հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ:


Հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհին, կարող ենք փաստել, որ պարբերական մամուլն անգնահատելի նպաստ է բերել հայ ժողովրդի բարոյական դաստիարակությանը, ուղղություն տվել հայ հասարակական  եւ քաղաքական մտքին:


Մեր մամուլի ավելի քան երկդարյա պատմության տարբեր շրջափուլերում հրապարակախոսներն ու լրագրողները մեծագույն նվիրվածությամբ են ծառայել հայ ժողովրդի կյանքի բարվոքմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայոց ազգային արժեքների պահպանմանը եւ առհասարակ ազգապահպանությանը:


Մեր մամուլը զինական ուժին հավասար դեր խաղաց հայոց անկախ պետության վերականգնման, հայոց Արցախն ադրբեջանական լծից ազատագրելու դարակազմիկ իրադարձություններում:


Հայ պարբերական մամուլի բնօրրաններից է Սյունիքը եւ հատկապես Գորիս քաղաքը, որտեղ միայն 20-րդ դարասկզբին (մինչեւ 1930 թվականը) գործել է տասը պարբերական՝ «Գավառ» շաբաթաթերթից սկսած (1909-10թթ., խմբագիր՝ Սիմ. Տեր-Մինասյան):


Պարբերական մամուլն այսօր էլ սյունիքյան հասարակական եւ քաղաքական կյանքի անբաժանելի ուղեկիցն է:


Հիմա էլ սյունիքյան մամուլը ոչ միայն արձագանքում է օրվա նշանակալից իրադարձություններին, այլեւ նպաստում առաջադեմ ուժերի գործողություններին, մարզի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, հայոց պետության հզորացմանը, երկրի արեւելյան սահմանների ամրապնդմանը: Պարբերական մամուլն այսօր ոչ միայն դիմանում է խոսքի ազատության եւ բացախոսության՝ մեր ժամանակների քննությանը, այլեւ պահպանում իր պատշաճ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի եւ քաղաքացիական լրագրության ընձեռած հնարավորությունների անսահմանության մեջ:


Նորից շնորհավորում եմ պարբերական մամուլի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:


Թող համերաշխությունն ի վերջո թեւածի մեր լրագրողական համքարությունում. գոնե կարողանանք բարձրացնել այն սահմանանիշերը, որոնցից այն կողմ անցնելն ուղղակի անկարելի կլինի: Եվ կարողանանք լինել հայ պարբերական մամուլի փառապանծ ավանդույթների արժանավոր շարունակողը:


Աստված մեզ պահապան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: