01/13/2025

Վահե մարզպետի հերթական փոքրիկությունը Կապանում. ընտրվելիք ավագանու կազմում փորձում է ձեւավորել գրպանային մեծամասնություն

Վահե մարզպետի հերթական փոքրիկությունը Կապանում. ընտրվելիք ավագանու կազմում փորձում է ձեւավորել գրպանային մեծամասնություն

Այն բանից հետո, երբ Կապան համայնքի ղեկավարի հարցում իշխող ՀՀԿ-ն որոշակիություն մտցրեց, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվեցին թեկնածու առաջադրել, պարզ դարձավ, որ Կապան խոշորացվող համայնքն առաջիկա հինգ տարում ղեկավարելու է Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով, ըստ նախապես անցկացված սոցհարցման, առավել մեծ վարկանիշ ունի, քան մարզպետի դրածո թեկնածուն:


Պարտություն կրելով համայնքի ղեկավարի համար սեփական ենթակայության թեկնածու առաջադրելու հարցում, մարզպետը բռնեց խարդավանքի մեկ այլ ուղի՝ փորձել ընտրվելիք ավագանու կազմում ունենալ անձնական եւ կայուն մեծամասնություն, որպեսզի հետագայում կարողանա ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Եվ մոտ տասը հոգու ստիպեց առաջադրվել Կապան համայնքի ավագանու անդամի թեկնածու:


Հիմա, ըստ էության, Կապանի ավագանու անդամ դառնալու համար պայքարի ելածների մեջ կա մի փաղանգ, որ առաջադրվել է անձամբ մարզպետի հորդորով:


Կապանում, կարծեք, ընտրողներն արդեն իսկ տեղյակ են մարզպետի հերթական խարդավանքի մասին ու գիտեն այն թեկնածուների անունները, ովքեր զինվորագրվել են մարզպետի խաղին: Եվ, կարելի է ասել, այդ հանգամանքը որոշակի ազդեցություն է ունենալու նոյեմբերի 5-ի քվեարկության ընթացքի վրա:


Կապանի ավագանու անդամի անկողմնակալ թեկնածուներից մի քանիսը մեզ հետ զրույցում կարեւորեց հանգամանքը, որ չեզոքացվի մարզպետի միջամտությունն ավագանու ընտրությանը, կանխվի մարզպետարանի ենթակա վարչական ռեսուրսի օգտագործումը: Ոմանք էլ ավելի արմատական տեսակետ հայտնեցին՝ կոչ անելով մարզպետին՝ մինչեւ ընտրությունների վերջը զերծ մնալ Կապան այցելելուց:


Վահե մարզպետի համար ավագանու գործոնը կարեւորվեց գորիսյան հայտնի դասից հետո, երբ համայնքի ավագանին միանգամայն անկեղծ մղումով նրանից հաշվետվություն պահանջեց՝ կառավարության ղեկավարին ուղերձ հղելով, որն աննախադեպ երեւույթ էր հանրապետությունում՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության սկզբնավորումից (1996 թվական) ի վեր:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: