01/13/2025

Սամվել Հարությունյան. «Հեռացրեք այդ կիսատ-պռատին Սյունիքի մարզպետի պաշտոնից»

Սամվել Հարությունյան. «Հեռացրեք այդ կիսատ-պռատին Սյունիքի մարզպետի պաշտոնից»

Հոկտեմբերի 25-ին «Նոյյան տապան» գործակալությունում տեղի է ունեցել Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը:


Գորիսի նախընտրական վիճակի մասին մանրամասներ ներկայացնելուց բացի նա բնութագրել է Սյունիքի մարզպետի հակասյունիքյան խեղկատակությունները:


Ըստ Սամվել Հարությունյանի՝ «Ծայրահեղ ծանր բարոյահոգեբանական վիճակ է Սյունիքում: Մարզում իշխում է մարտնչող տգիտության մթնոլորտ: Անգամ Արցախյան պատերազմին մասնակցելը հիմա գնահատվում է իբրեւ մեղք: Որքան տգետ ու բթամիտ լինես, այնքան կանաչ ճանապարհ է բացվում դեպի «վերեւների» վստահությունը»:


Բանախոսի կարծիքով՝ «Տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը մեկ տարվա ընթացքում անարգել է Սյունիքի անցյալն ու ներկան, ինչպես եւ սյունեցու արժանապատվությունը: Նա կադրային սոսկալի ջարդ է սկսել մարզում: Ըստ էության՝ իրականացվում է «Սյունիքն առանց սյունեցի կադրերի» քաղաքականություն: Հատկապես ուժային եւ իրավապահ համակարգում ոչ սյունեցիներ են: Իսկ նրա նախաձեռնությամբ նշանակված բոլոր կադրերն աչքի են ընկնում բացառիկ տգիտությամբ եւ անգրագիտությամբ»:


Նա գործող մարզպետին մեղադրեց նաեւ անճարակության եւ անկարողության մեջ. «Սյունիքի մարզից մի քանի անգամ փոքր Վայոց ձորի մարզում մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելի շատ ներդրում է կատարվել, քան մեր մարզում: Սյունիքում ստեղծվել է մի վիճակ, որ որեւէ նորմալ մարդ չի ուզում աշխատել այդ տխրահռչակի հետ»:


Ըստ Սամվել Հարությունյանի՝ վերջին մեկ տարում իրավիճակը կտրուկ վատացել է նաեւ Հայաստանի Հանրապետության երբեմնի ամենախոշոր հարկատու Քաջարանի կոմբինատում, որի փաստացի ղեկավարը, որքան էլ տարօրինակ է ու զարմանալի, նույնպես ինքն է:


Ուղղաթիռով աշխատանքի գալն եւ Երեւան վերադառնալը Սամվել Հարությունյանը պատճառաբանեց մարզպետին պատած վախի ու սարսափի զգացումով, քանի որ Սյունիքում նա հայտարարվել է անցանկալի անձ՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով:


Սամվել Հարությունյանը կոչ արեց երկրի ղեկավարներին՝ «Հեռացրեք այդ կիսատ-պռատին Սյունիքի մարզպետի պաշտոնից: Նրա մասին հրապարակված բազում փաստերից որեւէ մեկը բավարար է, որպեսզի այդ տղան ոչ միայն պաշտոնանկ արվի, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկվի: Վահե Հակոբյանի պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն շատ ծանր է նստում Սյունիքի վրա, որի տխուր հետեւանքները զգացվելու են երկար տարիներ»:


Օրվա բանախոսը կոչ ուղղեց նաեւ Գորիս համայնքի ընտրողներին՝ «Նոյեմբերի 5-ին ապավինենք ազգային ոգուն, Սյունյաց արժանապատվությանը եւ ոչ թե ողորմելի ընտրակաշառքին»:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: