12/11/2025

Ծերուկ Պիլարսկին ի վերջո հասկացել է, որ խաբված է, եւ այն մասին, թե ինչու էր Պետրոս Մեծ կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին

Ծերուկ Պիլարսկին ի վերջո հասկացել է, որ խաբված է, եւ այն մասին, թե ինչու էր Պետրոս Մեծ կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին

Քաջարանի կոմբինատի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս, երկարատեւ լռությունից հետո, կոմբինատ է այցելել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ բաժնետոմսերի մոտ 60 տոկոսի սեփականատեր գերմանական «Քրոնիմետ» ընկերության ղեկավար Գյունտեր Պիլարսկին՝ որդու ուղեկցությամբ:


Կոմբինատի ղեկավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել այցի կարեւոր հանգամանքները հանրությունից թաքցնելու համար, սակայն որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, ջրի երես են դուրս եկել ուշացումով:


Ծերուկ Պիլարսկին, պարզվում է, առաջացած տարիքի պատճառով այլեւս ի վիճակի չէ նախկին ակտիվությամբ ու հետեւողականությամբ զբաղվել իր ձեռնարկություններից մեկի՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործերով: Բայց նրան, այդուհանդերձ, մի քանի հարց է հետաքրքրել, որոնք վերջին հաշվով անպատասխան են մնացել:


Օրինակ, ինչպե՞ս է ստացվել, որ հանքաքարի հանույթի ծավալի մոտ երեք անգամ ավելացման դեպքում (տարեկան յոթ միլիոնից հասել է մոտ 20 մլն տոննայի) կոմբինատը գրեթե զրկվել է շահույթից եւ նոր կառավարիչների օրերում (երեք տարի շարունակ) բաժնետերերը համարյա թե շահույթ չեն ստացել՝ չհիմնավորված, չպատճառաբանված, կասկածելի ծախսերի հետեւանքով:


Ի՞նչ գործողությունների հետեւանքով է կոմբինատը հայտնվել մոտ 180 մլն դոլար վարկային բեռան տակ, արդյո՞ք նպատակահարմար է եղել այդչափ վարկեր վերցնելը:


Պիլարսկու որդուն էլ զարմացրել է կոմբինատի վարչական շենքում հանգրվանած ձրիակերների այդքան մեծ նախիրը, բազմաթիվ ավելորդ ու կասկածելի ծառայությունների, հաստիքների առկայությունը, ինչպես եւ ծառայողական թանկարժեք մեքենաների անսահմանությունը:


Ըստ նույն աղբյուրի՝ այդ այցից հետո Պիլարսկին որոշել է վաճառքի հանել իր բաժնեմասը:


Այդ այցից հետո գլխավոր բաժնետերը որոշել է միջազգային աուդիտորական կազմակերպության միջոցով ստուգել կոմբինատի ֆինանսական գործունեությունը 2014-ից մինչեւ հիմա ընկած ժամանակաշրջանի կտրվածքով:


Պիլարսկու այցի հետ կապված որոշ հանգամանքների բացահայտումն ինչ-որ չափով պատասխան է տալիս այն հարցին, թե ինչով է իրականում զբաղված Քաջարանի կոմբինատի ղեկավարի եւ Սյունիքի մարզպետի աթոռը փաստորեն համատեղող Վահե Հակոբյանը:


Քաջարանի կոմբինատում Վահե պատահականության ջանքով ստեղծված վիճակը պատասխանում է նաեւ երեք հարյուր տարի շարունակ պատմագետներին մտահոգող մի հարցի եւս՝ ինչո՞ւ էր Պետրոս Մեծ իմաստուն կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: