01/13/2025

Անակնկալ զարգացումներ նախընտրական Գորիսում

Անակնկալ զարգացումներ նախընտրական Գորիսում

Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը, որ տեղի կունենա նոյեմբերի 5-ին, նախորդում է անակնկալների անվերջանալի մի շարք:


Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 15-ին, տեղի կունենա թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստ: Կքննարկվի Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել մրցակից Առուշ Առուշանյանի գրանցումը որպես Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու:


Ի՞նչ փաստարկների ուժով է պահանջվում թեկնածուի գրանցման չեղարկում:


Ըստ Սամվել Հարությունյանի՝ իր մրցակիցը «Գորիսի զարգացման գոյություն չունեցող հիմնադրամի անունից, սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիների բարեգործություն անելու անվան տակ, հիսուն դրամանոց ընտրակաշառք-ծառայություն է մատուցում ընտրողներին», որի հետեւանքները հնարավոր չեն վերացնել, եւ դրանք ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:


Ա.Առուշանյանը, ըստ Ս.Հարությունյանի, քարոզչական նյութեր է տեղադրել Գորիսի համայնքապետարանի պատերին, իսկ իր նախընտրական գլխավոր շտաբը տեղակայել է համայնքապետարանի ենթակա մշակույթի կենտրոնում, ինչն արգելված է օրենքով:


Իսկ ի՞նչ լիազորություններ ունի տարածքային ընտրական հանձնաժողովը նման իրավիճակում:
Նախ՝ հանձնաժողովը պետք է ստուգի (մյուս կողմի փաստարկված հիմնավորումները լսելով)՝ արդյո՞ք դիմումատուի վկայակոչած փաստերը եւ խախտումները հավաստի են:


Եթե հավաստի են, ապա Առուշ Առուշանյանին կտրվի հնարավորություն՝ ողջամիտ ժամկետում դրանք վերացնելու համար:


Իսկ եթե կատարված գործողությունների հետեւանքներն այլեւս հնարավոր չեն վերացնել, եթե այդ գործողություններն արդեն իսկ էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ընթացքի վրա, ապա հանձնաժողովը պետք է դիմի վարչական դատարան՝ թեկնածուի գրանցումն ուժի մեջ թողնելու կամ չեղարկելու համար:


Ավելի կոնկրետ՝ հանձնաժողովը համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում դատական ակտի հիման վրա՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով, որը սահմանում է՝ «Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել, եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»:


Եթե թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հստակ որոշում չընդունի բողոքի վերաբերյալ, ապա կողմերը կարող են հանձնաժողովի որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարանում:


Թե ինչ ընթացք կունենա հարցի քննարկումը՝ կիմանանք օրվա ավարտին:


Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Հարությունյանը նոյեմբերի 5-ի ընտրությունների առիթով դիմումներ է հղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրացի դեսպաններին ու միջազգային կառուցների հայաստանյան ներկայացուցիչներին, ՀՀ խորհրդարանական ուժերի ղեկավարներին՝ ակնկալելով սեւեռուն ուշադրություն Գորիսի ընտրություններին եւ այդ նպատակով դիտորդական առաքելությունների կազմակերպում: ՀՀ վարչապետին հղած դիմումի միջոցով էլ Կարեն Կարապետյանի ուշադրությունն է հրավիրվել իր մրցակցի հայտարարագրի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային թերթի 2017թ. հոկտեմբերի 26-ի հրապարակման վրա:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: