01/18/2025

Ապօրինի ծառահատումների իրական չափերը չարձանագրելու համար ԲՆ աշխատակիցները կաշառք են վերցրել

Ապօրինի ծառահատումների իրական չափերը չարձանագրելու համար ԲՆ աշխատակիցները կաշառք են վերցրել

Բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը:


Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվանիկ» անտառպետությունում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ԲՆ բնապահպանական պետական տեսչության ղեկավար պաշտոնատար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու եւ պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:


Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ` կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ եւ «Արծվանիկ» անտառպետության աշխատակիցներ:


«Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու եւ դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախաքննությունը շարունակվում է», - հայտնում է ՀՔԾ-ն:

hetq.am
2 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: